Գյումրի-Վանաձոր ճանապարհին երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարից հինգ օր անց Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական հետապնդում է հարուցվել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ, ով փախել էր դեպքի վայրից։
Հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
Կոմիտեն, վկայակոչելով նախաքննության ընթացքում ստացված տվյալները, նշում է, որ «BMW X3 3.01»-ի վարորդը հատել է Հայաստանի սահմանը: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, որ պարզվում են վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքները:
Ոստիկանությունը տեղեկացրել է քննչականին, որ BMW ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։ Կոմիտեն հայտնում է, որ այս փաստի առթիվ առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահվան ելքով վթարից 3 օր անց վարորդի նկատմամբ հետախուզում չկա. ինչպե՞ս է կարողացել անարգել հեռանալ Հայաստանից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարի ՀՀ-ում ճանապարհային պատահարներից 217 մարդ է զոհվել. հայտնի չէ՝ ով է պատասխանատու իրավիճակը բարելավելու համար