Կամերային երաժշտության տան փորձասենյակում ու կուլիսներում փոքրիկ երգիչներ են ու մեծ իրարանցում։ Խմբավար Զաքարը խոնավ ճակատը սրբում ու վերջին հրահանգներն է տալիս երևանյան բեմելից առաջ։
«Մենք մեր ափսեում չենք, բայց Մայր հայրենիքում ենք», - ասում է Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։
30 տարի Արցախի բեմերում ելույթ ունեցած մանկապատանեկան երգչախումբը վերջին 2 տարիներին բեմ չի բարձրացել։ 2020-ի պատերազմն ու Շուշիի անկումը երգչախմբին ստիպեցին հավաքվել Ստեփանակերտում, որտեղ 2022-ին «Երգող Արցախը» դարձավ «Վարանդա»-ի վերջին համերգը Արցախում։
«Մեր իսկ տան մեջ՝ տարագիր»
«Հիմա արդեն Ստեփանակերտն էլ մեր վերահսկողության տակ չէ, սակայն մեր իսկ տան մեջ՝ տարագիր, մենք կշարունակենք երգել, ապրիլ երգով և երգել նրանց փոխարեն, ովքեր չկարողացան իրենց կյանքի երգը լրիվ երգեն», - «Ազատության»-ն ասաց խմբավար Զաքարը։
Երևանում, Աբովյանում, Մասիսում ապաստանած արցախցի փոքրիկներից հավաքագրված «Վարանդան» այսօր երևանյան բեմում է՝ կիսված կազմով. 120-ի փոխարեն 60 հոգով։
«Նախանցյալ տարի 120 հոգով բեմ դուրս եկանք, այս տարի ճիշտ կեսն է։
Բաժակi կեսը լի՞քն է, թե՞ դատարկ է, մենք տեսանք, որ բաժակի կեսը լիքն է և մենք աշխատեցինք միասին և հասցրեցինք պատրաստել այս ծրագիրը», - պատմեց Զաքարը։
Ընդամենը 19 փորձ ու պատրաստի 16 հին ու նոր երգեր, «Երգող Արցախ» համերգային ծրագրով հպարտանում է Զաքար Քեշիշյանը։ Շվին է ձեռքն առնում ու երևանյան բեմից է հնչում Արցախի ձայնը։
Կամերային լեփ-լեցուն դահլիճի առաջին շարքերում մաեստրո Մանսուրյանն է։ «Ապրիր հպարտ, հպարտ երկիր»,- իր հեղինակած մեղեդին արցախցի փոքրիկների շուրթերից հուզված լսում ու ոտքի կանգնում՝ ծափահարելու համար։
«Իրենց երգն իրենց ոգին է ուղղված է դեպի հայրենիք, ուղղված է դեպի հայրենիքի նկատմամբ սեր, կյանք, տոն և գեղեցիկ են բոլորը», - ասաց Մանսուրյանը։
«Շուշիի լեռների կանչն էր»
Երգող Արցախը երևանյան դահլիճից հանդիսատեսին մտքով տեղափոխեց Արցախ, ապրելու ուժ տվեց ու վերադարձի հույս։
«Անպատկերացնելի էր, որ «Վարանդա»-ն կարող է երգել ոչ Արցախում, բայց մենք Մայր հայրենիքում ենք և այս համերգը հավատ էր, այս համերգը ուժ էր, որ մենք չկոտրվենք, սա Շուշիի լեռների կանչն էր և մենք բոլորս մտքով Արցախում էինք», - ասաց Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։
60 րոպեից ավելի ատամները սեղմած հանդիսատեսը փլվեց, երբ 6 տասնյակ արցախցի փոքրիկներ համերգն ավարտեցին լուծարված Արցախի հանրապետության հիմնով։