Երևանը կարևորում է Բեռլինի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով նոր հաջողություններ կգրանցվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ երկու ժողովուրդների։
Օլաֆ Շոլցի ջանքերով էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո փետրվարին վերադարձան բանակցային սեղանի շուրջ։ Շոլցը նաև հույս էր հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանն ընթացիկ տարում խաղաղություն կկնքեն:
Ապրիլին Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Շոլցը կրկին պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ «Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում», - ասել էր Շոլցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան հուսով է, որ այս տարին կարող է վճռորոշ լինել Կովկասում խաղաղություն հաստատելու համար