Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի հերթական պնդումը

Հայ զինվորը սահմանին, արխիվ

Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հաղորդումը, թե օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ հաղորդումը, չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն, մասնավորապես, հայտարարել է, թե հայկական կողմը «հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն էլ պատասխան քայլեր են ձեռնարկել»։

Ադրբեջանը երեկ էլ մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերք էր Բաքվի նաև այս հաղորդումը։

Հայկական կողմը կրկին հիշցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում էր հրադադարի խախտումների համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսի 15-ին հայտարարեց հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու առաջարկի մասին, մեկ շաբաթ անց վարչապետի աշխատակազմը հաղորդեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով այդ առաջարկն ուղղելու մասին: Առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմը՝ Բաքվի սպառնալիքները կանխելո՞ւ համար. ինչ է այն ենթադրում