Երևանը և Բաքուն բանակցում են պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցման շուրջ. Արայիկ Հարությունյան

Երկու երկրների դրոշները

Երևանն ու Բաքուն այժմ բանակցում են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների համաձայնեցման շուրջ, խորհրդարանում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մինչ այս հայաստանցի բանակցողներն Ադրբեջանին առաջարկում էին ստորագրել համաձայնեցված կետերը, իսկ մյուսների քննարկումը թողնել ապագային։ Բաքուն, սակայն, արդեն երկու ամիս է՝ կտրուկ մերժում է՝ պնդելով՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։

Երկու երկրների ղեկավարների վերջին՝ կազանյան բանակցություններից հետո հայտնի չդարձավ՝ ի վերջո Երևանի՞, թե՞ Բաքվի առաջարկի շուրջ են ընթացել քննարկումները: Արայիկ Հարությունյանն այսօր այդ բանակցություններից մանրամասներ չհայտնեց, բայց ընդհանուր գործընթացից այդուհանդերձ փակագծեր բացեց:

«Ազատության» հարցին, թե հնարավորություն կա՞ ամբողջությամբ համաձայնեցնել չհամաձայնեցված կետերը՝ փաստաթուղթը ստորագրելու համար, նա պատասխանեց. - «Մենք նման հնարավորություններ տեսնում ենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցությունները

Այժմ կողմերն, ըստ Հարությունյանի, աշխատում են նախագծի վրա, անհրաժեշտության դեպքում, ասաց, չեն բացառվում դեմ առ դեմ բանակցությունները:

Ընդդիմությունը իշխանության հերթական զիջումն է տեսնում

Բանակցվող փաստաթղթի տեքստին ծանոթանալու հնարավորությունից զրկված ընդդիմությունը մտահոգված է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն այժմ ընթանում են երեք չհամաձայնեցված կետերի շուրջ, որոնց բովանդակությունն այդպես էլ չի գաղտնազերծվում: Այն, որ իշխանությունը չի պնդել համաձայնեցված տեքստը ստորագրելու իր առաջարկը և փաստացի Բաքվի պայմանով է առաջ գնում, պատգամավոր Աննա Գրիգորյանը համարում է իշխանության հերթական զիջումը:

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինչքանը որ համաձայնեցրել ենք, եկեք դա ստորագրենք։ Ալիևն ասում էր՝ մինչև բոլորը չհամաձայնեցնենք, որևէ փաստաթուղթ չենք ստորագրելու, իսկ այդ երեք կետերը նախ չգիտենք, բայց ենթադրաբար այնպիսի մեծ ռիսկեր են պարունակում մեր երկրի համար, որոնք, բնականաբար, թույլ չեն տալիս ընդհանուր համաձայնեցման գալ, բայց սա հերթական անգամ այս իշխանությունների կողմից կատարված զիջումն էր», - ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ Բաքվի պարտադրանքով Երևանը սահմանազատման գործընթացն առանձնացրեց խաղաղության պայմանագրից և վերադարձրեց Տավուշի հատվածի չորս գյուղերը, Երևանը համաձայնեց ուղիղ առանց միջնորդների բանակցություններին, հրաժարվեց երաշխավորի ինստիտուտից, խոսք չկա նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին: Չնայած սրան, վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր փոխզիջումներից էր խոսում:

«Ցանկացած խաղաղության պայմանագիր և համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ։ Երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ. Ալեն Սիմոնյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակման հարցով փորձում են լայն կոնսոլիդացիայի հասնել. քաղաքագետ

Ընդդիմադիր պատգամավորը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից չի հիշում մի դրվագ, որ զիջողը Բաքուն լինի: Այժմ էլ, երբ մեկուկես տարի է մնացել հերթական խորհրդարանական ընտրություններին, Հայաստանի իշխանությունը, Գրիգորյանի կարծիքով, մի նպատակ ունի. - «Ստանալ Ալիևից մի թուղթ, որը կարող է ցույց տալ ժողովրդին ու ասել՝ «տեսեք, ես խոսք էի տվել խաղաղություն, թղթի վրա գրված է խաղաղության», և այդ լոզունգով գնալ սեփական վերարտադրությունն ապահովելու ճանապարհով»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր չհստակեցրեց՝ վերջին բանակցություններում արդյոք քննարկվե՞լ է պայմանագրի ստորագրման ժամկետը, միայն ասաց՝ սեղանին հարցերի լայն շրջանակ է դրված եղել: Կընդունի՞ Երևանը երկու շաբաթից մեկնարկելիք COP-29-ին մասնակցելու Բաքվի հրավերը։ Հարությունյանը հստակ չպատասխանեց, բայց նշեց, թե ինչ գործոններ կարող են ազդել Երևանի որոշման վրա:

«Շատ տարբեր, այդ թվում նաև խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց», - նշեց Հարությունյանը:

Եթե Երևանն ու Բաքուն այժմ փորձում են ամբողջական տեքստը համաձայնեցնել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն հրաժարվել է պայմանագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխության նախապայմանից, վարչապետի աշխատակազմի ղեկավարը չպարզաբանեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև