Թեև ճանապարհների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն հանել են խաղաղության պայմանագրից, բայց դրա շուրջ քննարկումներն ու փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Այս պայմաններում Հայաստանի արտգործնախարարությունն Ադրբեջանին առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը: Պաշտոնական Երևանն առաջարկն այսօր է հնչեցրել՝ պնդելով, թե ապաշրջափակման սկզբունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում նույնական են:
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը», - հայտարարում է Արտգործնախարարության խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կրկին առաջարկում է Բաքվին օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացըԹե կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել ադրբեջանական կողմին և ինչպես է Բաքուն արձագանքել, չի գաղտնազերծվում, բայց Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից ակնհայտ է՝ ճանապարհների բացման հարցում կողմերի պատկերացումները շարունակում են բացարձակ տարբեր մնալ:
Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարության ապաշրջափակման կետին անդրադառնալիս կրկին պնդել է՝ այդ հարցում Ռուսաստանի գործառույթը մոնիտորինգի իրականացումն է, թե որքանով է Հայաստանը կատարում պարտականությունը։
«Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի Հանրապետության մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն։ Չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել», - հայտարարել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնումԲաքվից Հայաստանի ղեկավարին շարունակում են մեղադրել ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփութություն ցուցաբերելու մեջ՝ հորդորելով չխեղաթյուրել իրականությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը փորձում է խեղաթյուրել իրականությունը․ Ադրբեջանի ԱԳՆՀայաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր ի պատասխան հիշեցրել է 9 կետանոց այդ հայտարարության մյուս դրույթների՝ Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձի, գերիների հայրենադարձության մասին, ապա մեկնաբանել նաև եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետը, առավել հստակեցնելով Երևանի տեսակետը.
«Հայաստանն իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ռուս սահմանապահներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»:
Հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացում են ռուս սահմանապահները: Հայաստանցի բանակցողները անցած տարիներին ուղիղ չէին պնդում, թե համաձայնեցված այս կետը չի ենթադրում ռուսների ֆիզիկական ներկայություն: Հակառակը՝ մինչև անցած տարի հունիսին էլ հայտարարվում էր, թե այդ հարցով հստակ պայմանավորվածություն չկա:
«Գործառույթի մասով, գործառույթի իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն», - փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս հայտարարությանը նախորդել էր հունիսի 2-ին ապաշրջափակման հարցով մոսկովյան հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե այդ բանակցություններին շոշափելի առաջընթաց է արձանագրվել: Հետագայում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ առաջընթացի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ խմբի վերջի նիստին շոշափելի առաջընթաց է նկատվել. ՓաշինյանՍրան զուգահեռ դադարեցին նաև հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը։ Այժմ բացի Բաքվից նաև Մոսկվան է Երևանին մեղադրում ձեռք բերված պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու համար: Իսկ Երևանի «Խաղաղության խաչմերուկը» դեռ մնում է թղթի վրա:
«Ադրբեջանն ասում է՝ «լավ, եթե Հայաստանը մեր պայմաններով կապ չի տրամադրում, չի ուզում կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, շատ լավ, ուրեմն մենք այդ կապի համար կօգտվենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից»: Այս խոսույթը ինքնին նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի կապը, էն պայմանները, որոնցով էդ կապը գործում է, էդ նշանակում է՝ Ադրբեջանի համար ընդունելի է», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Այսօր Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով, և այդ նախագիծն Ադրբեջանի հետ իրականացնելու են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով․ Թուրքիայի տրանսպորտի նախարար