Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական ֆորումը։
Ֆորումին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին:
Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է բարձրաստիճան հյուրերին, այնուհետև հյուրերը համատեղ տեսալուսանկարահանվել են։
Ֆորումին կհաջորդի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Երեկ Ռուսական կողմը հաղորդեց, որ ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կլինեն ներքին շուկայի գործունեության, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
Այս տարվա հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Ընդգծելով, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ Երևանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի վարչապետերը ժամանել են Երևան