Երևանում 16-րդ անգամ անցկացվում է «ՌեԱնիմանիա» փառատոնը

Ի՞նչ կլինի, եթե ջրհեղեղը նորից մաքրի աշխարհը մարդկանցից ու արհավիրքին դեմ առ դեմ, փոքրիկ նավակի վրա միայնակ մի սևուկ կատու՝ իր փոքրիկ շրջապատով, պայքարի դուրս գա...

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը 16-րդ անգամ բացվեց լատվիացի ռեժիսոր Գինց Զիլբալոդիսի «Հոսք» անիմացիոն ֆիլմով։

Լատվիա-Ֆրանսիա-Բելգիա համատեղ այս ժապավենը, որ Կաննի «Հատուկ հայացք» մրցույթում էր ընդգրկված, դեռ մեծ էկրան չի բարձրացել։ Սա միակ բացառությունը չէր այս տարվա փառատոնում. մեկ շաբաթ Երևանում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ֆիլմեր ցուցադրվեցին։

«Փառատոնը վերածել դիտումի և ֆեստիվալային վիճակից բարձրացնել արդեն բիզնես ոլորտի». - փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին հավատում է, որ դասական անիմացիայի և նորարարական տեխնոլոգիաների համադրությամբ ստեղծված աշխատանքներն այսօր հնարավորության նոր դռներ են բացում։

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին զրուցում է «Ազատության» հետ, 25-ը հոկտեմբերի, 2024թ.

7 օր շարունակ ֆիլմերի ցուցադրությանը զուգահեռ միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ վարպետաց դասեր կազմակերպվեցին՝ ցույց տալու երիտասարդ ստեղծագործողներին այդ ճանապարհներն ու միջոցները։

«Մանավանդ մեր թեմաներն են, որ կա AI [արհեստական բանականություն. - խմբ.], որը աշխարհով մեկ շատ քննարկվում է, թե ինչպես է կիրառվում AI-ը, թե կիրառվելու է մեր ոլորտում: Այդպիսի մասնագետներ կան, և հակասողներ էլ կան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քասունին:

«Գեղեցկուհին և հրեշը», «Ալադին», «Առյուծ Արքա», «Մուլան»... դիսնեյան հայտնի մուլֆիլմերի վրա աշխատած ռեժիսոր սցենարիստներն էին Երևանում: Կենդանաբական այգին էլ աշխատավայրերից մեկն էր, որտեղ մասնագետները որոշել էին անցկացնել դասընթացների մի մասը։

Բարձր տեխնոլոգիաների հեղափոխական ապագայի մասին դասընթացների ժամանակ էլ հստակ գործիքներ ներկայացվեցին։

Փառատոնը նաև համագործակցության հնարավորություն ստեղծեց։ Օրինակներից մեկն էլ ֆրանսիական առաջատար TCHACK ընկերության հետ աշխատանքն է։

Ընկերության ներկայացուցիչ ռեժիսոր Լուչիանո Լեպինայը պատմեց Գորյուն Ապրիկյանի հետ համատեղ ֆիլմի մասին. - «Երկու երեխաների մասին է, որոնք ցեղասպանության ժամանակ հայկական սարերում են հայտնվում։ Անիմացիայում ամենադժվար պահը կերպարներին իրական զգացմունքներ փոխանցելն է»:

Վերջին տարիներին փառատոնի կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ ReA Comics Art-ն է։ «Որովհետև իմ երազանքն էր, ReA փառատոնը հիմա նաև սկսում է զբաղվել, սկսեց արդեն զբաղվել կոմիքս գրքերի, պատկերապատման գրքերի միջազգային թարգմանելով և հրատարակելով: Եվ հաջողացրեցինք երկու միջազգային գրքի իրավունք ձեռք բերել՝ մեկը Ռեյնհարդ Քլայսթի՝ գերմանացի հեղինակի գիրքն է՝ «Բռնցքամարտիկը» երկրորդ գիրքը ֆրանսիական գիրք է՝ «Միսաք, Մելինե Մանուշյան և խումբը» գիրքն է, որը նորից թարգմանել ենք, պատրաստ է, սակայն տպագրությունը մի փոքր ուշանում է, որովհետև գիրքը շատ ուշ լույս տեսավ այս տարի. նոր, թարմ լույս տեսած գիրք է, և կարող է դրա միայն շնորհանդեսը անենք նոյեմբերին, առանձին», - ասաց փառատոնի հիմնադիրը՝ շարունակելով. - «Հաջորդ քայլը երևի, եթե ստացվի, հաջորդ տարի որ ստացվի, որ մեր ազգային արդեն պատկերապատած գրքերը որ կան, փորձենք ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն թարգմանել»:

Դեռ մեկ օր հնարավորություն կա ծանոթանալու համաշխարհաին անիմացիոն արտադրության վերջին՝ դեռևս մեծ էկրան չբարձրացած ֆիլմերին։