Երևանում հրեական սինագոգի վրա հարձակման դեպքով մեկ անձի մեղադրանք է ներկայացվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքը բացահայտվել է։
Կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է փոխանցել՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին։ Ըստ կոմիտեի՝ «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Դեպքի առթին նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ կազմակերպության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը, ըստ Քննչականի, եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ որպես խափանման միջոց ընտրելով բացակայելու արգելքը։
Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը հունիսի 11-ին «Ազատության»-ը փոխանցել էր, որ դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է կենտրոնի պատուհանին ու փախել, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները: Պաշտոնական Երևանն անհանգստացնող է որակել հրեական սինագոգի վրա հարձակումը։
Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն անհանգստացնող է որակում հրեական սինագոգի վրա հարձակումը