Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Արտաքին գործերի նախարարությունն առանց մանրամասների՝ կարճ հայտնեց՝ սկզբունքներն ամրագրող կանոնակարգը ստորագրվել է և արդեն սկսվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը:
«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», - հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Արտգործնախարարության հաղորդագրությունից կես ժամ անց վարչապետի աշխատակազմը մանրամասնեց՝ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով: Բայց թե ովքեր են ստորագրել և ինչու դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չեն հստակեցնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴՓաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. Խանդանյան
Ավելի ուշ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնեց՝ փաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը: Իսկ թե երբ այն կհասնի խորհրդարան, ըստ Սարգիս Խանդանյանի, կախված է բարձր դատարանի որոշումից:
«Դրական եզրակացության դեպքում կառավարությունն արդեն այն կուղարկի Ազգային ժողով, և Ազգային ժողովը սահմանված կարգով կքննարկի ու կընդունի կանոնակարգը: Ինչպես ցանկացած համաձայնագիր կամ միջազգային փաստաթուղթ, այս փաստաթուղթը ևս մեկ ընթերցմամբ է քննարկվում և ընդունվում, եթե չեմ սխալվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», - նշեց Խանդանյանը:
Ստորագրված փաստաթղթի բովանդակությունը մինչ այս պահը հասանելի չէ, վարչապետի աշխատակազմից խոստանում են այն հրապարակել առաջիկա երկուշաբթի: Պատճառաբանում են՝ ուշացումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:
Մինչ այդ Վարչապետի աշխատակազմից հարկ են համարում միայն ընդգծել, թե դրա քաղաքական բովանդակությունն ամիսներ առաջ արդեն իսկ բացահայտվել է: Խոսքը 2024-ի ապրիլի 19-ի հանդիպման մասին է: Հենց այդ օրն են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել, որ դելիմիտացիայի գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի հռչակագրով: Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքո՞վ է շարունակվելու, վարչապետի աշխատակազմից անգամ այսօր, երբ արդեն կանոնակարգը հաստատվել է, հստակ պատասխան չեն տալիս՝ հղում անելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստը. նախնական համաձայնեցվել են սահմանագծի 4 հատվածները«Հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում», - ասված է հայտարարությունում:
Նույն այդ բանակցությունների ընթացքում Երևանի և Բաքվի
ներկայացուցիչները նաև որոշել էին, թե կանոնակարգի հաստատումից հետո կհամաձայնեցնեն սահմանազատվող հատվածների հերթականությունը՝ ներառյալ անկլավներինն ու էքսկլավներինը: Այսօր ո՛չ Արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեցին՝ որոշվել է արդյոք, թե հաջորդը որ հատվածներն են սահմանազատվելու: Արդյոք կանոնակարգի համաձայնեցումը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի՝ «Քաղաքացիական պայմանագրում» ընդամենը հույս ունեն:
«Արդեն հաջորդ փուլում կսահմանվի, թե սահմանի որ հատվածներն են, հերթականությունը կսահմանվի սահմանազատման աշխատանքների: Հայկական կողմը պատրաստակամ է նույն ջանքերով շարունակելու աշխատանքը», - ասաց Սարգիս Խանդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը չի կարծում, թե հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը կսահմանազատվի
Եթե անգամ սահմանազատման գործընթացը շարունակվի, միևնույն է, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը կսահմանազատվի և ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի օկուպացված տարածքներից: Ասում է՝ ամենայն հավանականությամբ Բաքուն հիմա ուղղակի առաջ կմղի անկլավ/էքսկլավների հարցը:
«Ամենահավական սակարկման տարբերակն է իրականության մեջ, դա է իրականությունը, ցավոք սրտի, որովհետև ամեն հերթական պահանջի բավարարումից հետո Ադրբեջանն ուղղակի դիմացը պտիչկա է դնում՝ անցնելու համար հաջորդ պահանջին: Այս գործընթացում չկան բանակցություններ և չկա փոխզիջում: Եթե որևէ մեկն ասում է, որ հիմա բանակցային գործընթաց է ընթանում ու կա փոխզիջման գործընթաց, պիտի ուղղակի ցույց տա Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ ինչ է զիջել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Տավուշի հատվածում սահմանազատմանը նախորդել էր չորս գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջը: Երևանը համաձայնեց, ինչպես վարչապետն էր ասել՝ պատերազմից խուսափելու համար: Դրանից ուղիղ երկու ամիս առաջ, սակայն, այս հարցով գլխավոր բանակցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացնում էր, թե սահմանազատումը կսկսվի սկզբունքների ու քարտեզների համաձայնեցումից հետո միայն:
«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո ժամանակ կպահանջվի բուն գործընթացը՝ թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված», - նշել է Գրիգորյանը:
Սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը պետք է համաձայնեցվեր մինչև հուլիսի մեկը։ Վարչապետի աշխատակազմը այսօր բացատրեց՝ բանակցություններն ամեն դեպքում նախատեսվածից երկար տևեցին: Թե մինչ այս ինչի շուրջ էր տարաձայնությունը՝ չի հստակեցվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը