Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա, «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ դիվանագետը շեշտել է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, իսկ այդ գործընացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները, դեսպանի խոսքով, մանրամասն արտացոլված են Հայաստանի վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Այս տարեսկզբին Բաքուն հայտարարեց, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, պնդել էր, թե Բաքուն, նման պահանջ դնելով, հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության վրա, որի 9-րդ կետն ասում է, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ տեղաշարժ ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
Պաշտոնական Երևանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը, երեկ հայտարարել է Ավագյանն՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:
«Կարևորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է Ավագյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցըՇեշտելով, որ Հայաստանն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը՝ դեսպանը վերահաստատել է՝ Երևանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
«Թույլ տվեք նաև հիշտակել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա», - հայտարարել է դեսպանը:
Դիտարկմանը, թե որպես այլընտրանք և փոխարինող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ առաջարկվել է «Արասի հաղորդակցային ճանապարհը» և հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ունի այլ առաջարկություն և լուծում այս հարցի կապակցությամբ, Ավագյանը պատասխանել է․ - «Ձեր հարցին պատասխանելու համար կրկին պետք է վկայակոչեմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանային երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանն ու երկարատև և կայուն խաղաղություն հաստատմանը միտված նախագիծ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Tehran Times. Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբԱնդրադառնալով «Խաղաղութան խաչմերուկ»-ին՝ Ավագյանն ասել է՝ այն ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում ու զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու և գործարկելու միջոցով:
«Իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ նախագիծը կյանքի կոչելու դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Կարևոր ենք համարում, որ այդ նախագծին պաշտոնապես աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում նաև Իրանը, որը, հուսով ենք, գործնական ներգրավվածություն կունենա այդ նախագիծը կյանքի կոչելու գործում: Ամփոփելով, պետք է նշեմ, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենագործուն և փոխշահավետ մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումն է», - ասել է Ավագյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարում է՝ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»