Երևանն անհանգստացնող է որակում հրեական սինագոգի վրա հարձակումը։
Հայաստանի իշխանությունները և հանրությունը միարժեքորեն դատապարտում են ազգային և կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք և փորձ, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է կենտրոնի պատուհանին ու փախել, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները:
Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն է։ Ներքին գործերի նախարարությունից երեկ «Ազատության»-ը տեղեկացրեցին, որ կատարվածի վերաբերյալ հաղորդում են ստացել ու այն ուղարկել Քննչական կոմիտե։
Կոմիտեից էլ հայտնեցին, որ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը կատարելու համապատասխան ստուգողական գործողություններ, որոնց արդյուքներից ելնելով կպարզվի քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայությունը, և ըստ այդմ անհրաժեշտ իրավական ընթացակարգ կապահովվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա