Երևանն ակնկալում է շարունակել Փարիզի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ

Արարատ Միրզոյան, Ժան Նոել-Բարո

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։

«Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն՝ ամրապնդելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը, ինչպես նաև շարունակելու համատեղ ջանքերը՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար», - X-ում գրել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին՝ «ամուր բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական համագործակցության համար, որը, Միրզոյանի խոսքով, ուղղված էր Հարավային Կովկասի տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելուն։

Ստեֆան Սեժուրնեն անցած շաբաթ Երևանում էր։ Նա հայտարարեց, որ Փարիզն աջակցում է Երևանի ու Բաքվի միջև արդար և կայուն խաղաղություն հաստատող, երկու երկրների սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը հարգող պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։

Ընդգծելով, որ Փարիզն աջակցում է Երևանին նաև պաշտպանության ոլորտում՝ Սեժուրնեն շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու բնակչությանը։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզը հուսով է, որ Բաքուն նախքան COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության