Աշնանային արձակուրդին մեկ օր էր մնացել, երբ Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր հորդառատ անձրևից հետո. հոսանքի լարերն էին վնասվել: Այդ օրը դասերը հեռավար էին շարունակել՝ խուսափելով հետագա վտանգներից: Բայց սա միակ խնդիրը չէ. ծնողները պատմում են, որ 16-րդ թաղամասի կոյուղաջրերը դպրոցի բակի դիտահորերից են դուրս հորդում՝ նաև դպրոցի ներսում գարշահոտ տարածելով:
Ալինա Համբարձումյանի երկու երեխաներն են այդ դպրոցում սովորում։
«Յուրաքանչյուր անձրևից հետո էդ կոյուղաջրերը որ լցվում են, դպրոցը իր բյուջեի հաշվին է անում, երբեմն նաև Աջափնյակ թաղապետարանն է միջամտում ու իրենք են իրենց հաշվին էդ կոյուղաջրերը մաքրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարձումյանը՝ շարունակելով. - «Փաստորեն ոչ մեկին չի հետաքրքրում 950 աշակերտի և 60 ավելի աշխատակցի ճակատագիր, ահով ու սարսափով բոլորս սպասում ենք ձմռան գալուստին, որովհետև եթե մի քիչ շատ ձնառատ եղավ տարին, չեմ պատկերացնում՝ ոնց կարող ենք տարին ավարտել»:
Ծնողները պատմում են՝ խոնավությունից շենքի պատերը տեղ-տեղ այնքան են հեռացել, որ դրսի լույսը ներս է թափանցում, առաստաղից էլ բեկորներ են թափվում: Արձակուրդից հետո աշակերտները վերադարձել են դպրոց, որտեղ ոչինչ չի փոխվել՝ չնայած ծնողների բողոքներին: Ծնողները ստորագրահավաք են նախաձեռնել, դիմելու են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին. - «Աջակցություն խնդրել, որ ինչ-որ կերպ փորձենք, տեսնենք՝ եթե հնարավոր է, միջամտի հիմնանորոգման հարցում»:
Իսկ ինչո՞ւ միայն Ավինյանին, որովհետև պատասխանատու մյուս օղակները Կրթության ու Տարածքային կառավարման նախարարություններն են. - «Քանի որ դպրոցը գտնվում է քաղաքապետարանի բյուջետի ներքո, եթե քաղաքապետարանը մեծ ցանկություն ունենա, ինքը կկազմակերպի էդ եռակողմ հանդիպումը ու գործը ընթացք կտա: Պահանջը երեխաների անվտանգությունն է, երեխաների՝ ապահով միջավայրում սովորելու իրավունքն է, 950 աշակերտի բնականոն ուսուցման ապահով միջավայրը խաթարված է»:
2013 թվականին դպրոցի տնօրենը նախկին Արտակարգ իրավիճակների նախարարությունից մի փաստաթուղթ է ստացել, ըստ որի կառույցը դասվել է առավել վտանգավոր դպրոցների շարքին: 40 տարի առաջ կառուցված այս դպրոցը երբեք չի հիմնանորոգվել՝ կոսմետիկ մի քանի նորոգում միայն: Քաղաքապետարանը վերջերս հաստատել է՝ տանիքի նորոգման գումարը կփոխանցեն: Երբ այդ հաշվարկներն արվել էին, ասում է տնօրենը, դեռ հորդառատ անձրևներ չէին եղել: Այսինքն՝ գուցե այդ գումարը չբավարարի. - «Իրականում, հունիս ամսվա համեմատ երևի թե ևս 100 տոկոսով ավելացել է ճաքերի թիվը, վերջին անձրևներն էլ է՛լ ավելի ապացուցեցին, որ մենք ունենք լուրջ խնդիր տանիքի հետ»:
Ալինա Համբարձումյանը ծնողական համայնքի ստորագրահավաքն է համակարգում, ասում է՝ «չի կարող ճաքած պատերի ու վթարային վիճակում գտնվող շենքի տանիքը վերանորոգենք»: «Ամեն տարի ինչ-որ վերանորոգումներ անում են, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ օգուտ կտա», - ընդգծում է նա:
Վերջին տվյալներով՝ Հայաստանի 1402 դպրոցից շուրջ 850-ը նորոգման կարիք ունի, առայժմ նորոգման ցանկում ընդգրկվել է դրանցից 300-ը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ իրենց ենթակայությամբ գործող այս դպրոցը չկա նաև Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող այդ 300 դպրոցների շարքում:
«Ժամկետ չեմ կարող նշել, բայց անպայման ցանկում կներառվի: Չգիտեմ՝ 26-ից հետոյի թե 26-ից առաջի, գուցեև մինչև 26 լինի՝ մեկնարկի մասին է խոսքը: Մենք տվյալ դպրոցի համար ներկայացնում ենք կարիքը, բնականաբար՝ տարբեր հիմնավորումներով կարող է այդ փուլում չներառվել, այդ փուլում ներառվեն թվով այսքան դպրոց, այսինչ դպրոցները, բայց 188-ը, էլի եմ ասում, այս պահին չկա», - ասել էր Խաչատրյանը, դիտարկմանը՝ «առայժմ երեխաները կշարունակեն գնալ այս դպրոց նույն պայմաններով», արձագանքելով՝ «այո»:
Երևանի քաղաքապետարանից «Ազատությանն» ասել էին՝ գիտեն, որ դպրոցը հիմնանորոգման կարիք ունի, ներառվել էր 2018-ին նորոգվող ու հիմնորոգվող դպրոցների ցանկում, բայց հետո՝ հանվել: Ինչո՞ւ. երկու շաբաթ է՝ ոչ դպրոցին, ոչ էլ «Ազատությանը» չի հաջողվում պետական կառույցներից ստանալ այս հարցի պատասխանը։