Ըստ Բայրամովի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն ու ՀՀ սահմանադրությունը հարաբերությունների կարգավորման խոչընդոտներ են, Միրզոյանն արձագանքել է

Անթալիա, 12-ը ապրիլի, 2025թ․

Անթալիա, 12-ը ապրիլի, 2025թ․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և [Ադրբեջանին ուղղված] տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա», - այսօր Անթալյաում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

APA գործակալության փոխանցմամբ, Բայրամովը Մինսկի խումբը «հակամարտության մնացուկ» է անվանել։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը կրկնել է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը։

«Սա Ադրբեջանի հետևողական և երկարաժամկետ մոտեցումն է, և հայկական կողմը դրա մասին տեղյակ է», - նշել է Բայրամովը։

Հայաստանի արտգործնախարարն արձագանքեց, թե Մինսկի խումբը կողմերը կարող են լուծարել պայմանագրի ստորագրման հենց նույն օրը, անգամ ստորագրումից տասը րոպե հետո:

Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի Սահմանադրությունը դրանում հիշատակված Անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանի Մայր օրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում Անկախության հռչակագրին:

Միրզոյանը հիշատակեց անցած սեպտեմբերին Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի:

Քննարկմանը մասնակցում էր նաև Վրաստանի արտգործնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, պատերազմի վտանգը պահպանվելու է»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանից Բաքվին կոչ են անում պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար տեղն ու վայրը համաձայնեցնել