Նախընտրական քայլ՝ հայերի ձայները ստանալու նպատակով. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու խոստում տված ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գրառման մասին։
Ընտրություններից բառացիորեն հաշված օրեր առաջ իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում Թրամփը նաև քննադատել է իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրել ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ է գրել:
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին Արցախից: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է Թրամփը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երբ ես դառնամ նախագահ, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ ԹրամփՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասաց. - «Թրամփի մեղադրանքը Հարիսի հասցեին կամ ընդհանրապես վարչակազմի հասցեին՝ կապված 2023 թվականի իրադարձությունների հետ, իհարկե, միանգամայն հիմնավոր է և փաստարկված, բայց նույն ինքը Թրամփը 2020 թվականին նախագահ էր, երբ Ադրբեջանը փաստացի սկսեց այն գործընթացն ակտիվ պատերազմի ռեժիմով, որն ավարտեց 2023 թվականին: 2020 թվականին Թրամփն էլ որևէ բան չձեռնարկեց Ադրբեջանին կանգնեցնելու համար»:
Մի քանի շաբաթ առաջ հայ-ադրբեջանական կարգավորման, արցախահայերի վերադարձի մասին դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի հայտարարությունը Հակոբ Բադալյանը նույն՝ հայ ընտրողների ձայներն ստանալու տրամաբանության մեջ է դիտարկում։
Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում Հարիսը չափազանց կարևորել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը։ Նաև նշել, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ ՀարիսԴեմոկրա՞տ, թե՞ հանրապետական նախագահն առավել հետաքրքրված կլինի հայկական խնդիրներով:
«Բուն խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր ասվածը գերնպատակ չէ Միացյալ Նահանգների համար», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հակոբ Բադալյանը կարծում է՝ հայ-ադրբեջանական կարգավորումը Ամերիկային հետաքրքրում է ապաշրջափակման տեսանկյունից, թե ինչքանո՞վ կարող է այդ հաշտությունը նպաստել ԱՄՆ ռազմավարական նպատակի՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող միջին միջանցքի ստեղծմանը։
Տարածաշրջանի ապաշրջափակմամբ հետաքրքրված Վաշինգտոնը բացահայտ ասում է՝ ոչ Մոսկվայի պայմաններով Հայաստան-Ադրբեջան երթուղու բացմամբ կնվազի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից:
«Սա ԱՄՆ ռազմավարական նպատակ է: Անկախ նրանից կլինի Թրամփը թե Հարիսը՝ ԱՄՆ-ը լինելու է իր ռազմավարական նպատակի տերը: Իսկ Արցախի հարցը գտնվում էր միջին միջանցքի ստեղծման ճանապարհին, ու այստեղ է նաև պատճառը, որ թե՛ 2020 թվականին Թրամփը և թե՛ 2023 թվականին դեմոկրատների վարչակազմը սկզբունքորեն որևէ կերպ չխան գարեց Ադրբեջանին հանել այդ հարցը միջին միջանցքի ճանապարհից, որովհետև այդ կերպ նաև թուլանում էին Ռուսաստանի դիրքերը, Իրանի դիրքերը», - ընդգծեց Բադալյանը:
«Մենք պետք է Արցախի հարցը ամերիկյան ազգային օրակարգ բերենք բոլոր կողմերից»
Ամերիկայի հայկական կազմակերպությունները՝ Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի հայկական համագումարը ընտրությունների նախօրեին ո՛չ Հարիսի, ո՛չ Թրամփի օգտին քվեարկելու կոչ չեն արել։
Միացյալ Նահանգներում տարբեր աղբյուրների համաձայն՝ 500 հազարից 1.5 միլիոն հայ է ապրում։
Հայ դատի հանձնախումբը թե՛ Թրամփին է քննադատել, թե՛ Հարիսին. Հանրապետական նախկին նախագահին՝ 2020-ին Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա չկասեցնելու, դեմոկրատ փոխնախագահին՝ Արցախի անցած տարվա հայաթափմանը հանգեցրած ռազմական ագրեսիայի ժամանակ «մատը մատին չտալու, ծպտուն չհանելու» համար։
Թե՛ ներկա, թե՛ նախկին վարչակազմերի աշխատանքը Ամերիկայի հայ դատի հանձնախումբն անբավարար է գնահատել, իսկ բառացիորեն ժամեր առաջ ազդեցիկ կառույցի ղեկավարը սոցցանցերում տեսաուղերձ է տարածել։ Թրամփի նախօրեի և Հարիսի սեպտեմբերյան ուղերձները հիշեցնելով՝ Արամ Համբարյանը հայ ընտրողներին կոչ է արել ճնշում գործադրել, որ Արցախի մասին խոստումները գործ դառնան, օրինակ, Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցն առաջ մղելու տեսքով։
«Հստակ է՝ հայերի ձայները կարևոր են։ Մենք պետք է Արցախի հարցը ամերիկյան ազգային օրակարգ բերենք բոլոր կողմերից։ Ժամանակն է, որ բառերը վերածվեն գործի», - նշել է Համբարյանը:
Ազդեցիկ հայկական կառույցը նաև շեշտում է, որ թեկնածուների համար հայերի ձայները կարող են որոշիչ լինել հատկապես տատանվող նահանգներում։
Ամերիկացիները նախագահ կընտրեն նոյեմբերի 5-ին։