Երևանի ավագանին այսօրվա նիստում ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին զրկեց մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելու գործընթացն իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Մարատ Թոխյանն է նախաձեռնել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գրիգորի Երիցյանը, ով հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից», իսկ օրենքի համաձայն, «ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից»:
Նշվում է, որ Երիցյանի կողմից իր բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել:
Երիցյանն իր հերթին պնդում է, թե սա հակաօրինական է ու իր հետ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։
«Ազգային առաջընթաց»-ը գլխավորում էր Հայկ Մարությանը, սակայն այս տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Հայկ Մարությանին: Մարությանից հետո Երիցյանն էր ֆրակցիայի ղեկավարը։
Ավագանու այսօրվա օրակարգում է նաև ավագանու անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին մանդատներից զրկելու հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք սա այսպես չենք թողնելու». Երևանի ավագանու օրակարգում է ընդդիմադիր երեք անդամի հեռացման հարցը