Գյումրիի «Երեխաների տուն» խնամքի կենտրոնում մեկ շաբաթ առաջ երկու տարեկան երեխա է մահացել։ Պետական մարմինները տեղեկությունը հաստատեցին միայն այսօր, երբ այդ մասին սկսեցին գրել լրատվամիջոցները։
Ըստ սոցապնախարարության՝ փոքրիկը պետական հաստատություն է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին՝ անմիջապես ծննդատնից, երբ դեռ ընդամենը երկու օրական էր։ Նշվում է, որ նա բնածին առողջական ծանր խնդիրներ է ունեցել։
Նրա մահվան դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։ Հատկապես կարևոր գործերով քննիչ Միշա Բիշարյանն ասում է՝ երեխայի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Անմիջապես կատարվել են քննչական և այլ վարույթային գործողություններ։ Զննվել է դեպքի վայրը, առգրավվել են բժշկական փաստաթղթեր, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարցաքննվել են «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ ընդունվում են հիմնականում բժշկական ծանր ախտորոշում ունեցող երեխաները, և ներկայումս վայութը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառները պարզելու համար», - ասաց նա։
2-ամյա երեխայի մահվան հանգամանքին սպանության հոդվածով է նախնական իրավական գնահատական տրվել։
«Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը սպանությունն է։ Նոր օրենսգրքի փոփոխության արդյունքում մահվան, հանկարծամահության դեպքերով նշված հոդվածով է նախնական իրավական գնահատական տրվում, և հիշյալ դեպքով նույնպես հարուցվել է քրեական վարույթ՝ ՔՕ 155 հոդվածի առաջին մասով», - նշեց քննիչը։
Նախաքննությունը դեռ շարունակվում է։ Արդյոք խնամքի կենտրոնում երեխան պատշաճ բուժօգնությամբ ապահովված եղե՞լ է. «Ազատություն»-ն այս հարցը կենտրոնի ղեկավարությանն ուղղել չի կարողացել, քանի որ խնամքի կենտրոն մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։ Կենտրոնը վերահսկող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցնում են, որ մինչ երեխայի մահը հաստատության հերթապահ բժիշկն ու բուժքույրը կատարել են վերակենդանացման միջոցառումներ, շտապօգնություն են կանչել, սակայն դրանք ապարդյուն են եղել՝ երեխան մահացել է։