Թուրքական և գերմանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Վկայակոչելով թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ գործակալությունը նշում է, որ Էրդողանը Բեռլին մեկնելու պատճառով փոխել է իր աշխատանքային գրաֆիկը՝ չեղարկելով շաբաթ օրը նախատեսված այցը Շուշի: 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված այդ քաղաքում Էրդողանը պետք է մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական համաժողովին։
Էրդողանը Բեռլին մեկնելու որոշում է կայացրել Թուրքիայի հավաքականի անդամ Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո։ ՈւԵՖԱ-ն Դեմիրալի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ավստրիայի հետ խաղում խփած գոլից հետո նա ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվող ժեստ էր ցուցադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ