Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնեց Անկարա։ Մի քանի ժամ տևած այցի ընթացքում նա հանդիպել է Թուրքիայի նախագահին։ Նրանք դեմ առ դեմ առանձնազրույց են ունեցել, այնուհետև միասին ճաշել։ Ալիևը Անկարա այցելեց Էրդողանի հրավերով՝ Եգիպտոսից վերադառնալուց մեկ օր անց։
Էրդողան-Ալիև հանդիպման մասին լրատվականները սեղմ, ընդհանուր բնույթի լուր են հաղորդում։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ ընդգծել են Թուրքայի և Ադրեջանի միջև եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները, պաշտպանական, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությունը։
Էրդողանը խոստացել է մասնակցել թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական համաժողովին, որն առաջիկայում նախատեսվում է անցկացնել Շուշիում։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
«Հյուրիթ Դեյլի Նյուս»-ը նշում է, որ Էրդողանն Ալիևին հանդիպել է եվրոպական ուղևորությունից առաջ, վաղը նա հանդիպելու է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի հետ, իսկ հաջորդ օրը երկօրյա այցով մեկնելու է Իսպանիա, այնուհետև Իտալիա, որտեղ հունիսի 14-ին ներկա է լինելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին։
Էրդողան-Ալիև հանդիպմանը զուգահեռ այսօր հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների արտգործնախարարները։ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտները, անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում
Your browser doesn’t support HTML5