Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուսամ Բադասյանը։
Հարցին, թե երբվանի՞ց է անցակետը սպասարկելու այդ քաղաքացիներին, Բադասյանը պատասխանեց. - «Չգիտեմ, քաղաքական որոշում պետք է լինի»։
2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ այս վերջին՝ հուլիսի 30-ին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե ե՞րբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարն, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ», - նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում սահմանը կբացվի»․ Ֆիդան