Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից. Մակար Աշգարյան

Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Նրանց հետ այսօր հանդիպմանը մասնակցած Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնեց, որ նման հավաստիացում նաև մյուս 10 քրիստոնյա համայնքներն են ստացել։

Your browser doesn’t support HTML5

Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, պետք չէ վախենալ. արքեպիսկոպոս Աշգարյանն

Արքեպիսկոպոսը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չներկայացրեց։ Հալեպից Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ իշխանափոխությունը քաղաքում խաղաղ է ընթացել, տեղում էլ իրավիճակն արդեն կարգավորվում է։ Ասում է՝ իշխանության եկած զինյալները շատ զգուշավոր են քաղաքացիների նկատմամբ։

Your browser doesn’t support HTML5

Իշխանության եկած զինյալները շատ զգուշավոր են քաղաքացիների նկատմամբ. սիրիահայ

Միայն դեռ գնաճն ու էլեկտրականության խափանումներն են մարդկանց անհանգստացնում։ Շատերը դեռ չեն աշխատում։

Սիրիայից նախագահ Բաշար ալ-Ասադի փախուստից հետո էլ ավելի անորոշ, սպասողական վիճակում են, հատկապես մայրաքաղաքում, որտեղ իսլամիստ զինյալները վերահսկողություն հաստատեցին կիրակի առավոտյան։ Դամասկոսից Հակոբ Խաճարյանն «Ազատությանը» հայտնեց՝ քաղաքի թաղամասերում արդեն երևում են թուրքական դրոշով մեքենաներ, շատ տեղերում հիմա անգամ թուրքական լիրա են ընդունում։

Խաճարյանն ասում է՝ Դամասկոսում տագնապած են հայերը, շատերը երկրից դուրս գալու ցանկություն ունեն, թեև իսլամիստ զինյալները խոստացել են, թե չեն վնասի քրիստոնյաներին։ Խաչատրյանն ասում է՝ քաղաքի տարբեր հատվածներում հիմա թուրքական լիրա են ընդունում։

Your browser doesn’t support HTML5

«Անորոշ է վիճակը՝ վերջը ինչ պետք է լինի». սիրիահայ Հակոբ Խաճարյան

Սիրիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները տարհանվել են Լիբանան։ Դեսպանությունը Բեյրութից է գործում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից երեկ հայտնեցին՝ սիրիահայերի անվտանգ տարահանման հնարավորությունն այս պահին չկա։ Ավելի վաղ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, թե դեկտեմբերի 14-ին նախատեսվում է Դամասկոսից Երևան մեկ չվերթ, արդյոք թռիչք կիրականացվի, դեռ պարզ չէ: