Եմենից հութիների կողմից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվում

Իսրայելական զինվորականները շաբաթ առավոտյան հայտարարել են, որ չեն կարողացել որսալ Եմենից իրանամետ հութի խմբավորման կողմից արձակված հրթիռը։ Արդյունքում այն ընկել է Թել Ավիվի Յաֆֆա շրջանում։

AFP-ի տվյալներով՝ տուժել է 16 մարդ։ Բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Վերջին մի քանի օրվա ընթացքում սա երկրորդ նման հարձակումն է, նշում է գործակալությունը։ Հութիի խոսնակը հարձակման հետ կապված ասել է, որ խմբավորումը բալիստիկ հրթիռով հարվածել է Յաֆֆայի շրջանում գտնվող «ռազմական թիրախին»։

Ըստ Reuters-ի՝ տուժածների մոտ բեկորային փոքր վնասվածքներ են եղել, սակայն ոմանք հոսպիտալացվել են։

Այս շաբաթ հինգշաբթի Իսրայելը հարձակումներ է իրականացրել նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող հատվածներում: Միաժամանակ զինվորականները հայտարարել են այլ թիրախների վրա հարձակվելու պատրաստակամության մասին։