ԵՄ-ն ողջունում է ՌԴ-ի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերել, արխիվ

Եվրամիությունը ողջունում է երեկ Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակումը։

«Հոգու մեծ թեթևությամբ Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի և Բելառուսի կողմից մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիների ազատ արձակումը, որն իրականացվել է Թուրքիայի օժանդակությամբ», - հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելը՝ շարունակելով․ - «Ազատ արձակված ակտիվիստները, իրավապաշտպաններն ու լրագրողները քաղաքական դրդապատճառներով անարդարացիորեն հետապնդվել ու բանտարկվել էին ռուսական և բելառուսական ռեժիմների կողմից և պահվել անտանելի պայմաններում»։

Բորելը նաև շեշտել է՝ քաղբանտարկյալները և անարդարացիորեն ռուսական և բելառուսական բանտերում պահվող մյուս բոլոր անձինք, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։

Բանտարկյալների փոխանակումը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

X-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է․ - «Ես ողջունում եմ ԵՄ-ից և ԱՄՆ-ից անմեղ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ուղղամիտ ռուս դեմոկրատներին: Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ։ Սա կտրուկ տարբերությունն է ընդգծում: Սա մեծ ուրախության պահ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարել են իրենց ազատության համար»։

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ երեկ բանտարկյալների զանգվածային փոխանակում իրականացրեցին: Այն իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն էր Սառը պատերազմի ավարտից ի վեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերշկովիչը, Ուելանը և Կուրմաշևան վերադարձան ԱՄՆ, նրանց դիմավորել են Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը