ԵՄ-ն կվերլուծի եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը

ԵՄ արտաքին հարաբերությունների  և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպեր, արխիվ

Եվրամիությունը կվերլուծի եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծն ու հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը։

Անիտա Հիպերը շեշտել է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ ընդգծելով՝ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործարկմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում շեշտել էր՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Նախօրեին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է, որ «տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն»։ Նա նշել է, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։

Մինչ հանրաքվեն Հայաստանն ու Եվրամիությունը անդամակցության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ պետք է ունենան։ Մինչդեռ պաշտոնական Բրյուսելը մինչ այժմ հրապարակավ չի հայտարարել Հայաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ Միության կազմում տեսնելու ցանկության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ անդամակցության գործընթացին առնչվող որոշումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին. Միրզոյան