Եվրամիության ֆինանսավորմամբ գնված 5 էլեկտրական ավտոբուսը հասավ Գյումրի: 4 տարի է քաղաքը սպասում էր դրանց, անընդմեջ խոսվում էր այդ մասին, բայց ավտոբուսները չկային ու չկային, միայն ծրագրի ավարտին տեղ հասան։
Երկար սպասված ավտոբուսները փուչիկներով էին զարդարել, կարմիր ժապավեն կապել, բարի ընթացքի համար էլ չմոռացան՝ շամպայն ցողել։
Էլեկտրոավտոբուսների ձեռք բերման հարցում ընտրության մեծ հնարավորության չի եղել։ Ուկրաինայում պատերազմն է խանգարել, նաև պատժամիջոցները։ Հարևան Վրաստանից են բերել՝ հատուկ պատվերով։ Ու քանի որ դրանք Եվրամիության «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով են գնվել, ավտոբուսները սիմվոլիկ կանաչ գույնի են ու Արև անունն են ստացել։
Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ավտոբուսի ղեկին նստեց ու առաջինը փորձարկեց։ Վարդանանց հրապարակով մի քանի պտույտ տվեց։ Ավտոբուսներին ֆայտոններ էին ուղեկցում, ցույց տալով, թե ինչպիսի զարգացում են ունեցել փոխադրամիջոցները՝ 19-րդ դարի Ալեքպոլից մինչև 21-րդ դարի Գյումրի։
Սամսոյանն ասում է՝ էլեկտրական ավտոբուսները գյումրեցիներին պարծենալու ևս մեկ առիթ էլ տվեցին. - «Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի, ոնց որ եղել է առաջներում, պատմությունը կրկնվում է, չէ՞, երկաթգծի գնացքներն առաջինը Գյումրիում է եղել»:
Մեկ ավտոբուսը մոտ 140 հազար եվրո է արժեցել։ Ընդհանուր առմամբ 1 մլն 700 հազար եվրո է ծախսվել՝ հինգ ավտոբուս Գյումրիի, հինգն էլ Վանաձորի համար։
«Ընդհանուր արժեքը 10 ավտոբուսի համար, գումարած լիցքավորման կայանները 6 հատ, վարորդների ուսուցումն է ու մեկ տարվա սպասարկումը կազմել է 1 միլիոն 700 երկու քաղաքների համար», - ներկայացրեց ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին:
Գյումրիի համայնքապետն ասաց՝ բանակցում են ՎԶԵԲ-ի հետ, որ Գյումրին ամբողջությամբ անցնի էլեկտրական ավտոբուսների։
Ավտոբուսները կսպասարկեն, երբ նոր տոմսային համակարգը ներդրվի
Կանաչ ավտոբուսները, սակայն, դեռ երթուղի դուրս չեն եկել, գյումրեցիներին կսպասարկեն, երբ նոր տոմսային համակարգը ներդրվի, ուղեվարձը չի փոխվի՝ 100 դրամ կմնա։
«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրին եվրամիրությունը 4 մլն 300 հազար եվրո է տրամադրել։ Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին խոստովանում է՝ եղել է մի պահ, երբ արդեն ծրագիրը ձախողվում էր և մտածում էին այն փակելու մասին։ Խնդիրը Վանաձոր համայնքում էր, որը մի քանի ամիս համայնքապետ չուներ։
«Մի երկու անգամ լուրջ մտածում էինք ծրագրի փակման առումով, որովհետև զուտ վարչարարության գործընթացի տեսակետից անհրաժեշտ էր համայնքում ունենալ համայնքի պատասխանատու, ով ծրագիրն ի վերջո իրականացնում է: Այդ առումով, այո, կարող եմ ասել, որ միակ խնդիրը, որը մենք ունեցանք, գնումների ժամկետների ուշացումն էր», - ասաց Լափաուրին:
Ի դեպ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մասնակցում էր ծրագրի ամփոփիչ ասուլիսին, սակայն կեսից հեռացավ։
Եվրամիության այս ծրագրով Վանաձոր ու Գյումրի քաղաքների համար մի քանի ծրագրեր էլ են իրականացվել՝ փողոցները մաքրելու տեխնիկա է գնվել։
Հայաստանի մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքները ևս մասնակցել են ծրագրի ֆինանսավորմանը՝ ընդհանուր արժեքի 5 տոկոսի չափով։