ԵՄ դիտորդները պիտի մնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի Երևանի ու Բաքվի միջև վստահության համար. Աբրահամյան

Դեռ հստակ չէ՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ կան, թե ոչ

Եվրամիության դիտորդական առաքելության Հայաստանի սահմաններին տեղակայման ժամկետը կլրանա 2.5 ամսից, մինչ այդ առայժմ պարզ չէ՝ Բրյուսելն ու Երևանը բանակցում են նրանց տեղակայման ժամկետը երկարաձգելու շուրջ, թե ոչ։

Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են, թե դեռ արդիական է հոկտեմբերին նախարար Միրզոյանի հայտարարությանը, թե իր տվյալներով՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը:

Կառավարությունից «Ազատության» աղբյուրները ևս ակնարկում են, որ ժամկետների երկարաձգման առումով գնդակն այժմ Բրյուսելի դաշտում է, մինչ այդ անցյալ շաբաթ Հայաստանում ԵՄ դեսպանն ի պատասխան «Ազատության» հարցին հայտնել էր, որ «առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց կողմերն աշխատում են հարցի շուրջ»։

2023-ի փետրվարին Հայաստան եկած եվրոպացի դիտորդները դիտարկում են հայ - ադրբեջանական սահմանը Բաքվի շարունակական քննադատության, անգամ լրտեսության մեղադրանքների ֆոնին։ Բաքվից պնդում են, թե դիտորդները սրում են իրավիճակը Հարավային Կովկասում, իսկ ամսվա սկզբին բացահայտեցին, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը հենց դիտորդների մասին է. Բաքուն պահանջում է դիտորդներին հեռացնել հայ-ադրբեջանական սահմանից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»

Ուրբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ կետը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, և որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է՝ ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։

Նախկինում, սակայն, Երևանը բազմիցս է նշել, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում Երևանի ու Բրյուսելի որոշելիքն է, ու Հայաստանը դիտորդների տեղակայման հարցը չի քննարկում երրորդ կողմի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ

«Վտանգավոր զարգացում կլինի»

Հարցին, թե արդյոք հիմա Երևանի ու Բաքվի միջև կա բավարար վստահություն եվրոպացի դիտորդներին սահմանազատված հատվածներից հեռացնելու համար, «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանն ասաց. - «Բարդ է ասել, բայց պետք է հասկանանք, որ սա թերևս էլի հայտարարություն է, որը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ գործընթացն առաջ տանելու։ Այսինքն՝ սա մենք կարող ենք դիտարկել որպես ավելի դիվանագիտական քայլ, հայտարարություն, որ տեսեք, եկեք այս մի դիրքում փորձենք հնարավորությունը, եթե հաջողության կհասնենք, կանցնենք մյուս հատվածների»։

Գայանե Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի համար չափազանց վտանգավոր զարգացում կլիներ, եթե Երևանը շարունակի բանակցել Բաքվի հետ ոչ միայն սահմանազատված, նաև այլ հատվածներից դիտորդների դուրս բերման շուրջ. - «Եթե այսպիսի ինչ-որ քայլ արվի, սա ուղղակի ինքնասպանության կամ ինքնադատապարտման քայլ կլինի Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես վստահ եմ, որ նման ոչ խելամիտ գործողություն չի արվի, որովհետև մենք բազում հնարավոր զիջումներ արդեն իսկ իրականացրել ենք։ Այլևս գնդակն իսկապես Ադրբեջանի դաշտում է»։

Խորհրդարանի նախկին պատգամավորը կարծում է՝ եվրոպացի դիտորդները պետք է մնան հայ-ադրբեջանական սահմանին այնքան, որքան կպահանջվի կողմերի միջև վստահություն կառուցելու համար, ու հիշեցնում է, որ ռուս- վրացական սահմանին նրանք տեղակայված են արդեն ավելի քան 10 տարի։

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.