Բրյուսելում կայացավ Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ այսօր մեկնարկել է պաշտպանության նախարարների հանդիպումը:
Արտգործնախարարների հանդիպումը երկու առանձնահատկություն ուներ: Առաջին՝ այն պետք է անցկացվեր Եվրոպական խորհուրդը նախագահող Հունգարիայում, բայց Եվրամիություն - Հունգարիա տարաձայնությունների, Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի, Պուտինի հետ բանակցելու պատճառով հանդիպումը որոշվեց անցկացնել Բրյուսելում Երկրորդ առանձնահատկությունը՝ հինգ տարվա ընդմիջումից հետո Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հրավիրվեց նաև Թուրքիան:
Այդ կապակցությամբ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին հրավիրելը կդառնա առաջին քայլը՝ երկխոսության գործընթացը վերականգնելու և լուծելու բոլոր խնդիրները, հատկապես Կիպրոսի խնդիրը, ընդգծել է նա: Բորելը վերահաստատել է, որ Թուրքիան հանդիսանում և մնում է Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր, Բրյուսելը պատրաստ է դուռը բաց պահել հետագա բանակցության համար, սակայն նա որևէ ժամկետներ չի նշել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդանը ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունները բարելավելու հույս է հայտնելԻնչ վերաբերում է հակամարտություններին, Բորելը Ուկրաինային զենք տրամադրող արևմտյան գործընկեր երկրներին հորդորել է թույլատրել, որ իրենց տրամադրած զենքով հարվածներ հասցվեն ռուսական տարածքի ռազմական օբյեկտներին:
«Ուկրաինան հարձակման է ենթարկվում Ռուսաստանի տարածքից և միջազգային օրենքի համաձայն կարող է պատասխան գործողության դիմել այն տարածքների վրա, որտեղից իր վրա հարձակվում են», - ասել է Բորելը՝ նշելով, որ սա Եվրամիության ընդհանուր դիրքորոշում չէ, Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրող յուրաքանչյուր երկիր կարող է ինքը որոշում ընդունել՝ թույլատրելով իր տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին: Նա ընդգծել է, որ սա չի նշանակում ներգրավվել Ռուսաստանի հետ պատերազմում, այլ աջակցություն է Ուկրաինային:
Բորելի խոսքով՝ ակնհայտ է, որ աջակցության դեպքում Ուկրաինան կարողանում է հաջողությամբ պայքարել Ռուսաստանի դեմ, և դրա օրինակը Կուրսկի գործողությունն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորելը պնդում է՝ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրաՊաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի մասին նա ասել է, որ քննարկվելու են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման խնդիրները, շուրջ 60 հազար զինվորի ուսուցման վերապատրաստման հնարավորությունները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունները: Անցած կիրակի օրը Ռուսաստանը 300 դրոն է արձակել Կիևի վրա և Ուկրաինայի էներգետիկ համակարգերի վրա: «Ակնհայտ է, որ Պուտինը ցանկանում է գալիք ձմռանը Ուկրաինային դնել մթի և ցրտի մեջ», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ պաշտպանության նախարարները քննարկելու են ուկրաինացի զինվորների վերապատրաստման ծրագիրըԵվրամիության պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպմանը գործընկերներին կոչ է արվել Ուկրաինային տրամադրել խոստացած սպառազինությունները:
Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն ասել է, թե Ուկրաինային ռազմական օգնության մատակարարման կոնկրետ ամսաթվեր չի հայտնի. - «Ոչ թե այն պատճառով, որ չեմ ցանկանում թափանցիկ լինել, այլ որ չենք ցանկանում տեղեկացնել Ռուսաստանին, որովհետև նրանք, իհարկե, հետևում են Ուկրաինայի օդային պաշտպանության կարողություններին: Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ այն, ինչ մենք խոստացել ենք, մատակարարում ենք և շուտով կառաքվի»:
ՆԱՏՕ-ի անդամ Նիդերլանդները, Բելգիան և Դանիան ավելի վաղ պարտավորվել էին Ուկրաինային տրամադրել 60 միավոր F-16 կործանիչներ: Կիևը ցանկանում է առնվազն 130 միավոր F-16 ստանալ ռուսական օդուժի առավելությունը չեզոքացնելու համար, որն այսօր ուկրաինական ուժին գերազանցում է տասն անգամ: