Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հյուրընկալել է Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանն ու Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին։
Առաքելությունը նշում է, որ պատվիրակությունը միացել է Իջևանի պարեկային խմբին՝ տեղում ծանոթանալու առաքելության աշխատանքներին։
«Շնորհակալություն Նիդեռլանդներ՝ շարունակական աջակցության համար», - նշվում է հայտարարությունում։
Honoured to host a delegation of the Dutch Parliament and the Ambassador of Netherlands to Armenia @JaapFrederiks in EUMA. The visitors joined a patrol in Ijevan region to learn more about the Mission’s work on the ground. Thank you for 🇳🇱your continued support! pic.twitter.com/yrm3iuzCxU
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 12, 2024
Այսօր Մոսկվան մտահոգություն է հայտնել, թե Երևանի թույլտվությամբ, ԵՄ առաքելությունը Հայաստանում կարող է դառնալ մշտական։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, Մոսկվան ԵՄ առաքելության հարցը մշտապես բարձրացնում է թե՛ Երևանի, թե՛ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։ Դիվանագետը միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, թե Հայաստանում «արևմուտքցիները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հարևան պետությունների վերաբերյալ»։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը։
Բաքուն ու Մոսկվան բազմիցս քննադատել են առաքելությունը։ Բաքուն նշում է, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»: Մոսկվան էլ ՀՀ-ում առաքելության ներկայությունը «Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ» է որակում, իսկ Կանադայի ներկայացուցիչների առկայությունը, «դե ֆակտո Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում» է համարում։
Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտել են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան մտահոգություն է հայտնում՝ «ԵՄ առաքելությունը ՀՀ-ում ժամանակավորից կարող է դառնալ մշտական»ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատում