Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Factor․TV-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են Բաքվի պահանջը՝ հեռացնել այդ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից:
«Նախ Եվրամիության դիտորդներն իրենց առաքելությունը պատշաճ են կատարում: Ամենակարևոր գործողություններից մեկը, որ կատարում է դիտորդական առաքելությունը, տարածաշրջանում թափանցիկության ապահովումն է: Առաքելության աշխատանքը մենք շատ բարձր ենք գնահատում և համոզված ենք, որ այն կայունության դերակատարություն ունի տարածաշրջանում: Եվ պետք է շարունակի կատարել այդ կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա», - ասել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարն օրինակ է բերել այս տարվա ապրիլը, երբ Փաշինյան-Ֆոն դեր Լայեն- Բլինքեն Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը հայտարարում էր, թե Հայաստանը զորքեր է տեղաշարժում սահմանին, իսկ Եվրամիության առաքելությունը հերքել էր այդ տեղեկությունը:
Օրերս Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ դժգոհել էր, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:
Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարին՝ երկու տարով։
Մինչ Ադրբեջանը բողոքում է, Հայաստանի իշխանությունը ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ