«ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը»․ Ադրբեջանի ԳՇ պետ

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիև, արխիվ

ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպման ժամանակ։

Երկու օր առաջ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։

ԵՄ առաքելությունն անհիմն է համարել «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ շեշտելով․ - «Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վալիևն այսօր ասել է, թե «Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Սեպտեմբերի վերջին արտահերթ ընտրությունների արդյունքով ձևավորված խորհրդարանի առաջին նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նաև հայտարարել, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում։ Ալիևը նաև քննադատել էր ռազմական ոլորտում Երևանի քայլերը՝ մեղադրելով, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել։

Բաքվի այս մեղադրանքները Երևանն անարձագանք չի թողել՝ շեշտելով՝ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցրել՝ հայկական կողմն առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, Ադրբեջանը, սակայն, չի արձագանքել։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելուն, ապա կողմերը մեկ անգամ չէ որ հայտարարել են՝ Ֆրանսիան միայն պաշտպանական զենքեր է տրամադրում Հայաստանին։

Նախքան Բաքու մեկնելը Ադամչակը Երևանում էր։ Նա հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, քննարկել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հնարավորությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր չվերթ Բաքվից՝ Իսրայելի ռազմական օդանավակայան. Ադրբեջանը շարունակ զինվում է, բայց դրանում մեղադրում է Երևանին