Էլեկտրամոբիլների ներմուծումը կշարունակվի առանց մաքսատուրքի

Կառավարությունը ետ է կանգնում էլեկտրամոբիլների ներկրման ոլորտում առաջարկած իր փոփոխությունից։ Էլեկտրական մեքենաների ներմուծումը կշարունակվի առանց մաքսատուրքի, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, թե նախագիծ է քննարկում, ըստ որի՝ արտոնյալ մաքսազերծումը կտարածվի միայն նոր՝ 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրամոբիլների վրա։ Պաշտպանելով այդ նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ այսօր պնդեց, թե այն չեն իրագործի, քանի որ ժամանակին այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահել։

«Բազմաթիվ հարցերում մենք ստիպված ենք կայացնել ոչ ճիշտ որոշումներ, քանի որ նախկինում մեր կայացրած որոշումները համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը», -հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, թե «ինչ-որ x պահից պետք է այդ մոտեցումը դադարեցվի»։

Թե երբ է այդ պահը գալու, ովքեր են կայացրել նախորդ որոշումները և ինչու, կառավարության ղեկավարը չհստակեցրեց։ Նշեց միայն, որ հաջորդ տարի՝ 2025-ի հունվարի 1-ից, Հայաստան էլեկտրամոբիլների ներկրման քվոտան կբաշխվի հետևյալ կերպ՝ 5000 մեքենա կարող են ներկրել քաղաքացիները, 3000՝ դիլերները, որոնք նաև այդ ոլորտի ծառայություններ են մատուցում։