Էկոպարեկային ծառայության ամբողջական գործարկումը հետաձգվում է. ո՞րն է պատճառը

Էկոպարեկային ծառայությունը, որն ամբողջությամբ պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով այս տարեվերջին, դեռ չի գործի՝ ժամկետները հետաձգվել են մինչև գալիք տարվա փետրվարի 26-ը: Ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ պատճառը միջազգային գործընկերների հետ բանակցությունների ձգձգումն է:

«Ժամկետների առումով մենք ամեն ինչ անում ենք, որ 2026 թվականի 2-րդ եռամսյակի ավարտին ունենանք ամբողջական համալրված էկոպարեկային ծառայություն: Ինչո՞ւ չենք համալրել մինչ այս, այստեղ մի մեծ կոմպոնենտ բաղկացած է եղել մեր միջազգային գործընկերներից, այդ պրոցեսը թերևս արդեն իսկ մեկնարկել է միջազգային գործընկերների հետ։ Ընթացակարգեր կային, որ պետք է համաձայնեցնեիք, միջուցե շտապողականությունը, այսիքնն՝ այն ցանկությունը, որ կհամալրենք 25 թվականի հունվարի 1-ին, մեր մեջ է եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վլադիմիր Կիրակոսյանը։

Դեռ տարեսկզբից Հայաստանի պետական անտառների, հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը օրենքով պետք է ապահովեր նոր էկոպարեկային ծառայությունը: Վերահսկողությունը նոր է, բայց հին գործառույթներով:

«Էկապարեկային ծառայությունը գործում է 2024թ. հունվարի 1-ից, բայց դեռևս համալրում չի եղել, այսինքն՝ օրենքի իմաստով և օրենքի ամբողջ բովանդակությամբ էկոպարեկային ծառայությունը դեռևս չի գործել», - հավելեց նա։

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերն պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն, մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն ընդամենը մի քանի օր առաջ է հայտարարվել։

Շրջակա միջավայրի նախարարության ծախսերն 25 թվականի համար բյուջեի նախագծով ավելացել են գրեթե 38 տոկոսով, այս ավելացումը պայմանավորված է հենց էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ:

Ծառայության պահպանումը, ըստ նախարար Հակոբ Սիմիդյանի, կկազմի 5.7 միլիարդ դրամ: Նախատեսված է՝ ծառայությունը թե՛ ձայնային տվիչներ, թե՛ տեսագրության հնարավորություններ, դրոններ պետք է ունենա, նախարարը խորհրդարանում օրերս վստահեցրել էր՝ նաև հաշվարկներ ունեն:

«Եթե մի տեղ հրդեհ է, կամ անգամ փորձում են մի տեղ ծառ հատել, սղոցն է միացրած, ձայնային սենսորը մեզ հաղորդումը կտա, և առաջին գործողությամբ մեր դրոնները պետք է գնան, նկարահանում անեն, մինչև էկոպարեկները կհասնեն», - ասել է նախարարը։

Նրա խոստացածին դեռ պետք է սպասել՝ տվիչների և տեսանկարահանման սարքերի մրցույթ անգամ չի հայտարարվել:

«Անտառի տվիչների մրցույթը հայտարարված չէ, որովհետև ամբողջ կահավորանքը լինելու է միջազգային դոներների կողմից», - նկատեց Վլադիմիր Կիրակոսյանը։

Փոխարենն արդեն հայտարարված են էկոպարեկների համազգեստների, մեքենաների և մի շարք այլ մրցույթներ:

«Նաև մեր ավտոմեքենաները հիմնականում կահավորված են լինելու հակահրդեհային կայանքով, էկոպարկներն ունենալու են համազգեստ, նաև ունենալու են մահակ, ձեռնաշղթա, լապտեր և ամենակարևորը պլանշետ, որը հնարավորություն է տալու իր գործառույթներն իրականացնելիս նույնականացնել անձին՝ իրավախախտին, կենդանական, բուսական աշխարհը», - հավելեց Էկոպերակային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

Ծառայության գլխավոր բարեփոխումը պաշտոնյաները համարում են 24 ժամյա վերահսկողությունը, որը կրկին բացակայում է, ինչպես նաև տեղում պարեկի կողմից իրավախախտումն արձանագրելն ու հետագայում շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելը: Ծառայությունն ունենալու է 1046 էկոպարեկ, որոնցից 801-ը պետք է շուրջօրյա պահպանություն իրականացնեն։

Հեղինակ՝ Անի Օհանյան