«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը փակուղային է համարում։
«Փակուղային է, որովհետև Ադրբեջանն այնպիսի նախապայմաններ է առաջ քաշել, որոնք չեն եղել ի սկզբանե խաղաղության պայմանագրի բանակցությունների հենց մեկնարկին, նոր նախապայմաններ են, և ակնհայտորեն անիրագործելի նախապայմաններ են», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նա։
«Հետևաբար, այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո ասում էինք, որ Ալիևը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել, որովհետև ինչ խնդիր ուներ, մեծ հաշվով լուծել է առանց պայմանագիր կնքելու, որովհետև նա շահագրգիռ էր պայմանագիր կնքել, երբ ուներ զսպվածություն՝ Հայաստանի ձեռքին կային կոնկրետ գործիքներ, հիմա Հայաստանը զրկված է այդ լծակներից, և ըստ էության, իրենք շարունակելու են պահել այս անորոշությունը», - հավելեց նա։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այդ անորոշությունից նաև օգտվելու են, ինչը տարբեր կերպ կդրսևորվի։
Նախկին դեսպանը նկատեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությունն էլ ուղիղ կապված է Բաքվի հայտարարությունների հետ։
«Եվ սա ի՞նչ է նշանակում, որ խաղաղության պայմանագիր չենք ունենալու, արդեն ակնհայտ է, Թուրքիան էլ ասում է՝ եթե խաղաղության գործընթացը կլինի հաջողված, առաջընթաց կունենաք, պայմաններ կնքեք, դե մենք էլ սահմանը կբացենք, այսինքն՝ սահմանն էլ չի բացվում, և այս համատեքստում նրանք շարունակելու են Հայաստանի նկատմամբ ներկայացնել նորանոր պահանջներ, այսինքն՝ չունենք խաղաղություն, շարունակում ենք մնալ բլոկադայի մեջ, և միևնույն ժամանակ շարունակում են մեզանից պահանջը», - շեշտեց նա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կրկին հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, Էդմոն Մարուքյանն ասաց. - «Եթե նա ուզենար, որ Հայաստանը, նոր Սահմանադրությունն ընդունելով իր նախապայմանը բավարարեր և Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեր, կամ նորն ընդունվեր, և գնար, խաղաղության պայմանագիր կնքեր, այդքան չէր բարձրաձայնի։
Նա անդադար սա բարձրաձայնում է՝ միանշանակ հասկանալով, որ անգամ եթե հիմա հանրաքվե լինի, չի անցնի, այսինքն՝ վերջնական տապալման համար նա մեզ տանում է ավելի վատ, բարդ քայլերի, որը բերելու է նոր պատերազմի։
Տեսեք՝ եթե դրվում է հանրաքվեի, զուտ այն պատճառով, որ մենք ունենք տարածքային պահանջ, և ժողովուրդը գնում է, ասում է՝ ոչ, հաջորդ օրը Ալիևն ու Էրդողանը կանգնում են, ասում են՝ քիչ չի, 90- ականներից ունեին այս պահանջը Անկախության հռչակագրով, հիմա էլ համայն հայ ժողովուրդը գնաց ընտրական տեղամաս, շարունակում է այս պահանջն ունենալ, որը իր համար նոր պատերազմի պատրվակ է։ Էդ իմաստով եմ ասում, որ ընդհանրապես չի կարելի ձեռք տալ Սահմանադրությանը, թե՛ նախաբանն, թե ընդհանրապես այս քննարկման մեջ մտնել։ Սա ծուղակ է»։
ԼՀԿ ղեկավարն ասաց, որ այս մոտեցումը ներկայացրել է նաև սահմանադրական խորհրդում՝ որպես սահմանադրական խորհրդի անդամ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում