«Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև:
Նրանք "Вон из Армении" բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին:
Ակցիայի մասնակիցներին վրդովվեցրել էր այդ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:
Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել էր "Россия" հեռուսատաալիքին տված հարցազրույցում՝ հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին:
Ցուցարարներն այսօր պահանջեցին Հայաստանի իշխանություններից՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
Մինսկի ու Երևանի հարաբերությունները սրվել են դեռ մի քանի ամիս առաջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
Փաշինյանն ասել է, որ հետայսու հայ ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկիրը Լուկաշենկոն է ղեկավարում:
Մինսկից Հայաստանի վարչապետի հայտարարություններն իմպուլսիվ են որակել, պնդելով, թե դրանցով Փաշինյանը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից: Մինսկից հավատացնում են, որ բարձր են գնահատում հայ-բելառուսական բարեկամությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի
Առավել մանրամասն տե՛ս այստեղ