Ձմռանն ամառային անվադողերով երթևեկողները կտուգանվեն․ կառավարությունը նոր կանոն է սահմանում

Դեկտեմբերի 10-ից վարորդները կտուգանվեն ձմեռային ամիսներին ամառային անվադողերով կամ մաշված ձմեռային անիվներով ավտոմեքենա վարելու համար: Խախտումն արձանագրելու դեպքում տուգանքը կկազմի 5 հազար դրամ: Իսկ եթե ձմեռային անվադողերի բացակայության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, վարորդները կտուգանվեն 20 հազար դրամի չափով: Այսօր կառավարությունն ընդունեց այս փոփոխությունը:

Այժմ գործող ճանապարհատրանսպորտային կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը: Նոր որոշմամբ, պարտադիր պայման է՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ամտոմոբիլներին ու մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին կարգելվի երթևեկել առանց ձմեռային անվադողերի: Ձմռանը կարգելվի նաև մեքենա վարել մաշված անվադողերով, եթե անգամ դրանք ձմեռային են:

Նախագծի ընդունումը թույլ կտա բարելավել ճանապարհային անվտանգության մակարդակը, եղանակային անբարենպաստ պայմաններում նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանով իսկ կրճատելով զոհերի և վիրավորների թիվն ու նյութական վնասները, ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետը, թիվ չնշելով, ասաց, որ «հանրապետությունում կան վարորդներ, որոնք նաև «ձմռանն ավտոմեքենա են վարում ամառային անիվներով»:

Գործադիրի ղեկավարն ասաց, որ այս որոշմամբ նրանց պարտադրում են ձմեռային ամիսներին տրանսպորտային միջոցները վարել ձմռան համար նախատեսված անվադողերով:

«Մենք, ըստ էության, նաև այդ վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ մենք պետք ա կայացնենք... Մենք պետք ա գնանք էս ճանապարհով հանուն մեր սիրելի վարորդների», - հայտարարեց Փաշինյանը:

Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ճանապարհներին չհայտարարված պատերազմ է». Ի՞նչն է պատճառը, որ գրեթե ամեն օր Հայաստանում ՃՏՊ-ներ են լինում