Ձախ բազկի ուժը. Աշխարհի եռակի չեմպիոնի հաջորդ մրցամարտը՝ Փարիզում

«Իմ ուժը և ցանկացած մարդու ուժ, կարծում եմ, իր հոգու մեջ է. եթե հոգով ամուր ես, գիտակից ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել», - ասում է պարաբազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը։

Նա օրեր անց Փարիզում իր ուժերը կչափի միայն մեկ՝ ձախ ձեռքով։ Պարալիմպիկ խաղերում նա Հայաստանը ներկայացնող 3 աթլետներից մեկն է։ 4 կգ-անոց գունդ է հրելու 6 անգամ, որքան հեռու, այնքան մեդալին մոտ։

Մեկնելուց առաջ վերջին մարզումներն Արտաշատի մարզադաշտում էին։

Գունդ հրող երբեմնի առաջատար մարզիկ, այսօր մարզիչ Վարդան Եղիազարյանն էր իր խորհուրդներով այստեղ սպասում Սարգսին՝ ձախով ողջունում նրան ու մի քանի փորձնական նետումից հետո սկսում գլխավոր մարզումները։

Ամենից շատ չեմպիոնին ոգևորում է «չես կարող» բառակապակցությունը»։ Դա լսելիս նա գրանցում է մարզումների ընթացքում լավագույն արդյունքը։

Կյանքը հետախույզ Սարգսի համար գլխիվայր շրջվեց 2014-ին, երբ մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունից կորցրեց երկու ոտքն ու աջ ձեռքը։

Երեք վերջույթ մեկ օրում կորցրած ու կյանքը միայն մեկ բազկով նորովի սկսած Սարգիս Ստեփանյանն այսօր մյուսներին է օգնում արագ ոտքի կանգնել՝ ձախ ձեռքով ձեռքսեղմումներ ու ձախ ուսով գրկախառնություններ մարզասրահ մտնող ամեն մարզիկի հետ։

2018-ից հիմնել ու ղեկավարում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան և «Լեգենդներ» մարզասրահը, այն միակն է Հայաստանում՝ ամբողջությամբ հարմարեցված հաշմանդամների համար։

Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն օգոստոսի 28-ից հոկտեմբերի 8-ը։ Սարգիս Ստեփանյանը մրցադաշտ դուրս կգա օգոստոսի 30-ին։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում