Ռուսաստանն ակնկալում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի հետ լիարժեք գործընկերության վերականգնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել՝ «դռները բաց են Երևանի համար»:
«Բարեկամ երկրի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում ենք, որ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:
Զախարովան նաև ավելացրել է․ - «Մենք հաստատում ենք՝ այս փուլում Երևանի վերադարձի համար դռները բաց են»։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքին:
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուշակով․ «Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա հավաքին»Ուշակով․ «ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են»Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին