100 դրամանոցի փնտրտուք է Երևանով մեկ. փոփոխություն՝ հանրային տրանսպորտի վճարման համակարգում

100 դրամանոց մետաղադրամի փնտրտուք է Երևանով մեկ. քաղաքային իշխանության նոր որոշումն է 100 դրամանոցի դեֆիցիտի պատճառը։ Այսօրվանից «Ման», «Ժոնգ տոնգ» ու «Գազելսիթի» մակնիշի ավտոբուս պիտի նստեն կա՛մ 100 դրամանոց, կա՛մ QR կոդ ունեցողները։ Կանգառներում, տրանսպորտում առավոտից արդեն քայքայված նյարդերով մարդիկ են:

Տատիկը ավտոբուսով տեղ պիտի գնար, բայց տրոլեյբուսի է սպասում, որովհետև 100 անոց չի գտել, մի տղամարդ էլ հնարամիտ մեթոդով էր կոպեկ կորզել վճարովի սուրճ պատրաստող սարքից: Մի քանի բաժակ սուրճ արդեն խմել էր, ստացել մի քանի հարյուրանոց, բայց ճնշման բարձրացման նշաններ ուներ:

Այս ամենը կոչվում է սահուն անցում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային նոր համակարգին, որ սպասվում է հունվարի 1-ից։ Որոշված է. մշտական օգտագործման քարտերով, բանկային քարտերով ու բջջային հավելվածով մարդիկ կօգտվեն տրանսպորտից։ Մինչև այդ Երևանի քաղաքապետարանը կրճատում է ստվերը՝ քաղաքացիներին պարտադրելով 100 դրամը գցել ավտոբուսի սարքի մեջ և վարորդի հետ գումարային գործարքի մեջ չմտնել:

Այսօր, սակայն, ավտոբուսներում տեսանք այլ մետաղադրամներ, որոնցով մարդիկ վճարել էին ուղևորության դիմաց։ Բազմաթիվ ուղևորներ էլ 100 դրամանոց չէին գտել, ու վարորդները նրանց ստիպված անվճար էին տեղափոխում:

Ով էլ երանելի կոպեկը ճարել է, պահում է, համաձայն չէ փոխել մի շվարած ուղևորի երկու 50-անոցի հետ:

Կենտրոնական բանկը հայտարարում է՝ մեկ բնակչի հաշվով այժմ ավելի քան 10 հատ 100 դրամանոց մետաղադրամ է շրջանառվում։ Եթե պետք լինի՝ պատրաստ են բավարարել լրացուցիչ պահանջարկը: Քաղաքացիները պնդում են՝ այդ կոպեկից բանկերում էլ չեն տալիս:

Ավտոբուսներում վճարային համակարգեր են տեղադրված՝ Telcell Wallet -ով կարելի է վճարել, հատկապես տարեցները դրանից գլուխ չեն հանում:

Քաղաքային իշխանության այս բարեփոխումը ողջունողներ էլ կան, նրանցից մեկը կինը դեռ տարիներ առաջ արտերկրում է տեսել, թե ինչ լավ բան է տրանսպորտային ռեֆորմը. - «Բոլորը Tik Tok-ից, Ինստագրամից, Ֆեյսբուքից, օնլայն ամեն ինչից կարողանում են օգտվեն, բայց տրանսպորտի օնլայնը չեն կարողանում օգտվել»:

Տարեցները Tik Tok-ում չեն, գիտի, բայց ասում է՝ թող միմյանց օգնեն մինչև...։ Լավ կլինի՝ չեն հուսահատվում վարորդները:

Ահռելի կուտակումներ՝ մետրոյի կայարաններում

100 դրամանոց փնտրողների հուսահատ դեմքերը կանգառներում են, իսկ մետրոյի կայարաններում 100 դրամով QR կոդ գտած, բայց տեղ չհասած ուղևորներն են, ահռելի կուտակումներ են: Աշխատանքից, դասից ուշացողները գնացքներ են ճանապարհում հայացքով, շատերի համար վագոնում տեղ չկա։

Ինչո՞ւ. Երևանի Մետրոպոլիտենից հայտարարում են՝ ծանրաբեռնվածության պատճառները ուսումնասիրում են։ Իսկ այդ պատճառները շատ լավ գիտեն թե՛ քաղաքացիները, թե՛ ավագանու ընդդիմադիրները:

«Շատ մարդիկ իմանալով, որ նոյեմբերի 1-ից վերգետնյա տրանսպորտի հետ կապված ինչ-որ ռեֆորմ է կամ 100 դրամանոց պետք է ունենա կամ QR, որոշեցին ամեն դեպքում գնալ մետրոյով, մետրոյում հեշտ է QR-ը գնելը», - ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը:

Ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ մետրոյում այսօր արտառոց պատկեր էր, բայց սովորական օրերին էլ, երբ, այսպես ասած, ռեֆորմ չի մեկնարկում, այդտեղ պիկ ժամեր կան, որովհետև վագոնները քիչ են և ուշ-ուշ են գալիս։ Մետրոպոլիտենի մամլո խոսնակը մեծ քաղաքների մետրոյի համար ծանրաբեռնվածությունը բնորոշ է համարում: Ճապոնիայի կայարաններում ամրակազմ տղամարդիկ կան, որ պիկ ժամերին ուղևորներին խցկում են գնացքի մեջ։

«Տոկիոյի հետ մենք Երևանը երբեք չենք կարող համեմատել, մենք 14 միլիոնանոց քաղաք չենք: Եթե որոշում են համեմատել Տոկիոյի հետ, թող համեմատեն, թե քանի վագոնից է բաղկացած գնացքը», - նշեց Աբգարյանը:

Նոյեմբերմեկյան տրանսպորտային փոփոխությունը թե՛ գետնի վրա ու թե՛ գետնի տակ գտնվող ուղևորներին հունից հանեց, բայց պարզվում է քաղաքային իշխանության համար սա շանս է հնարավոր խնդիրները մինչև հունվարի 1-ը բացահայտելու համար։ Երևանի քաղաքապետը հայտարարել է՝ այսօր արձանագրված խնդիրները մեզ համար աշխատանքի ուղղություններ են, որոնց միջոցով շտկումներ կիրականացնենք։