Դոնեցկում ավտոմեքենայի պայթյունից մահացել է Ելենովկայի գաղութի ղեկավարը

Դոնեցկ, արխիվային լուսանկար

Դոնեցկում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է Ելենովկայի գաղութի ղեկավար Սերգեյ Եվսյուկովը, հայտնում են ռուսական ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները։

Mash տելեգրամյան ալիքը նշում է, որ պայթյունի հետևանքով տուժել է նաև Եվսյուկովի կինը, նրա վիճակը ծանր է։

Նախնական տվյալներով՝ Toyota Land Cruiser-ի մեջ պայթուցիկը նախօրոք է տեղադրվել, հենց վարորդի նստատեղի տակ։

Ուկրաինան Սերգեյ Եվսյուկովին մեղադրում էր 2022-ի հուլիսին Դոնեցկի մարզի Ելենովկա գյուղի ուղղիչ գաղութում Ազովի գումարտակի գերի ընկած զինվորների մահվանն առնչություն ունենալու համար։

Գաղութի բարաքներից մեկն ավերվել է 2022-ի հուլիսի լույս 29-ի գիշերը: Ռուսական հրամանատարությունը և Դոնեցկի ռուսամետ անջատողականները հայտարարում էին, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը՝ ամերիկյան HIMARS համակարգի կիրառմամբ, Կիևը, իր հերթին, հակառակ կողմին էր մեղադրում հարձակման համար: Լրատվամիջոցներում նաև վարկած էր շրջանառվում, թե Ելենովկայի բանտին հրթիռային հարված չի հասցվել՝ շենքը պայթեցվել է ներսից:

Ռուսաստանի իշխանությունների և անջատողականների տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել 53 ռազմագերի, ևս 75-ը վիրավորվել են։ Հուլիսի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 48 զոհված ուկրաինացիների անուններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Կիևը շարունակում են միմյանց մեղադրել Ելենովկայի բանտին հասցված հարվածի համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին հրավիրում է քննելու Ելենովկայի բանտին հասցված հարվածը