Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմական հենակետի հայտնվելու հնարավորությունը։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը տված այսօրվա հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է խոսել այս մասին», - ասել է նա, պատասխանելով թղթակցի այն հարցին, թե արդյոք պետք է սպասել հարավկովկասյան հանրապետությունում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։
ՏԱՍՍ-ը նշում է, որ հունիսի 11-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ երկրորդ համաժողովը, որի ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում ասվում է, թե կողմերը մտադիր են ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում և նպատակ ունեն համագործակցության կարգավիճակը բարձրացնել ընդհուպ ռազմավարական գործընկերության մակարդակի։
Վաշինգտոնը քննարկում է Հայաստանի կողմից ներկայացված մի շարք խնդրանքներ և որոշելու է, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել՝ սատարելու Երևանին: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինկենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ