Դեմոկրատները հաստատեցին Քամալա Հարիսի թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քամալա Հարիս

Դեմոկրատական կուսակցությունը նախօրեին, Չիկագոյում ընթացող կուսակցության համագումարում, հաստատեց Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Հարիսը ստացել է պատվիրակների 4 հազար 567 ձայն կամ ընդհանուր ձայների 99 տոկոսը։

«Մեզ համար պատիվ է լինել ձեր թեկնածուն։ Մենք միասին նոր ուղի ենք գծելու դեպի առաջ», - հայտարարել է Հարիսը՝ տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսի հետ։ Հարիսն ու Ուոլսն այդ երեկո Միլուոկիում նախընտրական քարոզարշավ են անցկացրել։

Համագումարին մասնակցող ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման իրենց աջակցությունն են հայտնել Հարիսին։ Նրանք դեմոկրատ ընտրողների ամենամեծ աջակցությունն են վայելում։ Համագումարը կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը։

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 21-ին, Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից՝ դեմոկրատներին հորդորելով առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։ Մեկ օր անց Հարիսը հայտարարեց, որ պատրաստ է պաշտոնապես առաջադրվել որպես նախագահի թեկնածու։

Ըստ վերջին հարցումների՝ Հարիսը մի քանի տոկոսային կետով առաջ է անցել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024-ի նոյեմբերի 5-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանուն ազատության, հանուն ժողովրդավարության. Չիկագոյում մեկնարկեց դեմոկրատների համագումարը