«Դեմոկրատական ապստամբություն» ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Կոնգրեսում՝ առևտրային քաղաքականության կարևորագույն փաստաթղթերի շուրջ քննարկումներում, դեմոկրատական խմբակցության մեծամասնությունը դեմ է դուրս եկել Օբամայի առևտրի զարգացման օրինագծին:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները «ապստամբություն» բարձրացրեցին իրենց կուսակից նախագահ Բարաք Օբամայի առևտրային քաղաքականության դեմ:

Կոնգրեսական Փիթեր ԴեՖազիոն մտահոգվածների շարքերում է: «Մենք այստեղ կարող ենք այդ ամենի դեմն առնել և փրկել ամերիկյան տնտեսությունը», - հայտարարել է նա:

Հավասարապես անսովոր է, երբ հանրապետական Փոլ Ռայանը այս «մարտում» Սպիտակ տանն է աջակցում: «Նախագահը դեռ որոշակի անելիքներ ունի իր կուսակցության շարքերում, այս գործընթացը դեռևս չի ավարտվել», - ասել է Ռայանը:

Նախագահը հուսով է, որ կհամոզի ազատ առևտրի ընդդիմախոսներին փոխել իրենց կարծիքը: «Ես կոչ եմ անում Կոնգրեսի անդամներին, ով դեմ է քվեարկել Առևտրի կարգավորման օգնության օրինագծին, վերանայել իրենց մոտեցումները և պաշտպանել ամերիկյան աշխատավորների շահերը», - հայտարարել է Օբաման:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը համոզվածություն է հայտնել, որ իրենք կհաղթահարեն այս մարտահրավերը․ - «Մենք համոզված ենք, որ կարող ենք ավելի շատ հանրապետականների ու դեմոկրատների աջակցությունը ստանալ, և տնտեսագետները կարող են ցուցադրել առևտրի կարգավորման օժանդակության օրենքի նշանակալիորեն եկամտաբեր լինելը միջին դասի համար ամբողջ երկրում»:

Սակայն դեմոկրատները համառում են ու դեմ են առևտրային դաշինքների, ինչպիսին է, օրինակ, Միջխաղաղօվկիանոսյան համագործակցությունը:

Դեմոկրատ կոնգրեսական Ռիք Նոլանը դեմ է նման պայմանագրերին: «Դրանք բանակցվել են գաղտնաբար՝ ի շահ տնտեսական վերնախավի մի քանի ներկայացուցչի», - պնդել է նա:

Թե երբ կլինի հաջորդ քվեարկությունը՝ կախված է Ներկայացուցիչների պալատի ղեկավար հանրապետական Ջոն Բեյներից: Թեև օրինագիծը արդեն հաստատվել է Սենատի կողմից, սակայն մինչև ստորին պալատը չհաստատի՝ այն օրենքի ուժ չի կարող ստանալ: