«Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա», - այսօր Երևանում զգուշացրել է Հայաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանին։
Դեսպանի այս հայտարարությունը հնչում է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու ճանապարհի շուրջ վերջին շրջանում ակտիվացած տարածաշրջանային քննարկումների ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ մաքսավորը և սահմանապահը կանգնելու են. փոխնախարարը՝ Նախիջևանի ճանապարհի հսկողությունը մասնավորին հանձնելու մասին«Մենք դեմ ենք ցանկացած միջանցքի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կխախտի։ Ինչպես միշտ ասվել է՝ դա դեմ է և հակասում է Հայաստանի ու Իրանի շահերին։ Ինչպես երեկ մեր արտաքին գործերի նախարարն է իր Թվիթերում (X) հիշեցրել է՝ Իրանի հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չի դառնա», - նշեց Սոբհանին։
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին արձագանքել է նաև հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունը մասնավոր պահնորդական ընկերությանը արտապատվիրակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետ«Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ -որ միջազգային կազմակերպության։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Դեսպանի այս հայտարարություններից մեկ օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին էր X-ի իր էջում ընդգծել է՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։
«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել է Արաղչին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար. ԱրաղչիՕրեր առաջ էլ Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիչիլուն հանդիպել էր երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և ընդգծել, որ Թեհրանը դեմ է Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և որ պետք է հաշվի առնել տարածաշրջանի բոլոր երկրների հետաքրքրություններն ու մտահոգությունները։
Իրանից բարձր մակարդակով հնչող այս զգուշացումներից առաջ Ռուսաստանի արտգործնախարարի Սերգեյ Լավրովն անդրադառնալով այսպես կոչված միջանցքի խնդրին, ուղիղ տեքստով մեղադրել էր Երևանին Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով նոյեմբերի 9 -ի համաձայնությունը «սաբոտաժի» ենթարկելու համար։
Տարածքային ամբողջականությանն ուղղված ի՞նչ սպառնալիքի կամ սահմանի վերագծման հնարավորության մասին է խոսում Թեհրանը
Ո՞ւմ են ուղղված Իրանի չդադարող զգուշացումները, և տարածքային ամբողջականությանն ուղղված ի՞նչ սպառնալիքի կամ սահմանի վերագծման հնարավորության մասին է խոսում Թեհրանը։ Վերլուծաբանների համոզմամբ՝ Իրանը հստակ մեսիջ է հղում՝ դեմ է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունը ինչ-որ մասնավոր ընկերությանն արտապատվիրակելու հնարավորությանը, քանի որ դա կարող է հանգեցնել սահմանների վերաձևման կամ ռեժիմի փոփոխության, ինչին Թեհրանը դեմ է։
«Իրանի գլխավոր մտահոգությունն այդտեղ է, մասնավոր ընկերության միջոցով ինչ-որ ռեժիմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների առնչությամբ, որովհետև, ըստ իս, դա ամերիկյան գաղափար է, որ ներկայացվել է Հայաստանին, Ադրբեջանին, նաև հնարավոր է Թուրքիային ու այդկերպ փորձ է արվում գտնել կոմպրոմիսներ էդ միջին միջանցքը ձևավորելու համար», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադլյանը:
Եթե ապաշրջափկման դեպքում Հայաստանի սահմանի անվտանգության ապահովումը պատվիրակվի մասնավոր որևէ ընկերության, ապա քաղաքական մեկնաբան Հակոբ Բադլյանի համոզմամբ՝ պարզ է, որ դա լինելու է որևէ արևմտյան կազմակերպություն։ Իսկ այդ դեպքում ճանապարհը սկսելու է աշխատել առանց Ռուսաստանի և Իրանի վերահսկողության, ինչը Մոսկվան և Թեհրանը ռիսկային են համարում։ Հետևաբար, Բադալյանի կարծիքով, Ռուսաստանն ու Իրանը փորձում են թեման սրել՝ իրենց շահերին համահունչ և արգելափակել մասնավոր ընկերության միջոցով ճանապարհի հսկողություն իրականացնելու հնարավորությունը։
«Հիմա փորձ է արվում պարզապես կանխել, թույլ չտալ, որպեսզի լինի այդպիսի պայմանավորվածություն», - ընդգծեց նա:
Apri Armeniа-ի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը, դատելով իրանական զգուշացումներից, կարծում է, որ Սյունիքով ճանապարհի անվտանգության ապահովումը մասնավոր կազմակերպությանը պատվիրակելու շուրջ քննարկումները մոտենում են ավարտին։ Ադրբեջանի համար, ըստ արևելագետի, այնքան էլ էական չէ՝ ով կվերահսկի այդ ճանապարհը՝ Ռուսաստանը, թե Արևմուտքը։ Բաքվի համար կարևոր է, որ Հայաստանը չլինի այդ ճանապարհին։
Փորձագետը բերում է Լաչինի միջանցքի օրինակը, որտեղ Հայաստանը որևէ հսկողություն չուներ և չնայած ռուսների ներկայությանը, այնտեղ շատ արագ վերահսկողություն սահմանեցին ադրբեջանցի ուժայինները։
«Ի՞նչ է խանգարում, որ արևմտյան կազմակերպություն կամ ինչ-որ երկիր վերահսկի կոմունիկացիաները և Լաչինի միջանցքի ճակատագիրն ունենա ոչ մի բան: Դա հասկանալով Ադրբեջանը դեմ է, որ լիովին կոմունիկացիաները վերահսկի Հայաստանը, Իրանն ընդհակառակը՝ ինքը կողմ է, որ լիովին վերահսկողությունը լինի Հայաստանի կողմից», - ասաց Մելքոնյանը:
Փորձագետն ընդգծում է, իհարկե, Իրանը չի կարող արգելել, որ Հայաստանն իր ճանապարհի վերահսկողությունը հանձնի որևէ մասնավոր ընկերության, բայց եթե Երևանը հաշվի չառնի Իրանի շահերն ու մոտեցումները, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա։
«Օրինակ՝ բոլորը հասկանում ենք, որ մենք զենք-զինամթերքի 80 տոկոսը, որ ստանում ենք, գալիս է Հնդակաստանից, գալիս է Իրանի տարածքից ու Իրանը հասկանում է, որ Հայաստանը պիտի զինվի, որպեսզի կարողանա պահել ուժային բալանսը, հետևաբար տրամադրում է իր տարածքը, որ հնդկական զենքերն անցնեն, ու մենք հասկանում ենք, որ էս ճանապարհը, որը մեզ կապում է Պարսից ծոցի հետ, հետո Հնդկաստան, գերկարևոր է», - նշեց Apri Armeniа-ի փորձագետը: