12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն. մեկ ամսվա գործընթացը

Կիրանց, Տավուշ, 20-ը մայիսի, 2024թ.

12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում Երևանն ու Բաքուն ավարտեցին Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։

Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։

Ոսկեպարի եկեղեցին, ուր ականազերծման պատճառով ապրիլի 22-ին լարված իրավիճակ էր՝ արգելվում էր տարածքին մոտենալ։

Տավուշում քաղաքացիները փակել էին դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, 23-ը ապրիլի։

26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի սահմանին կայացած հանդիպման և փաստաղթղթի ստորագրման վերաբերյալ որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակվեց։ Կեսգիշերին ընդամենը պաշտոնական հաղորդագրություն տարածվեց։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սյունը տեղադրվեց ապրիլի 23-ին։

33/1 թվով առաջին սյան լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նաև վարչապետ Փաշինյանը:

Վերջին 3 սյուները Կիրանցում տեղորոշվեցին համակարգչային եղանակով, ապա օրեր անց, ըստ գյուղացիների, տեղադրվեցին գիշերով։

«Ազատության» տեսախցիկը արձանագրել է Կիրանցում տեղադրված սյուներից մեկը՝ հայ սահմանապահի հսկողությամբ։ Դրա վրա մի կողմից մակնշված է ARM, մյուս կողմից` AZ։

Անհայտ է Բերքաբերին պատկանող հողերի վերադարձի և Ոսկեպարով անցնող միջպետական ճանապարհի ճակատագիրը

Չնայած սահմանազատումն իրականացվեց Տավուշի հատվածում, սակայն այստեղ մի շարք տարածքներ դուրս մնացին գործընթացից։ Բերքաբերում, օրինակ, սահմանազատվել է շուրջ 1,9 կմ տարածք, սակայն այս համայնքի դիմաց գտնվող մոտ 700 հեկտար տարածքը, որը պատկանում է Հայաստանին, շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հստակ չէ՝ Ադրբեջանը այն վերադարձնելու է, թե ոչ։

Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածն էլ դեռ կմնա հայկական վերահսկողության տակ, ինչպես կառավարությունն էր պարզաբանել, այս փուլում այդ հատվածները չեն սահմանազատվում: Թե հետագայում ինչպես է որոշվելու Ոսկեպարով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածի ճակատագիրը, ևս անհայտ է։

Ընդվուզմներ և բախումներ Կիրանցում

Տավուշի 4 համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում։

Կիրանցը

Այստեղ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել գյուղ բերող ճանապարհը, կադաստրի վկայական ունեցող 2 բնակելի տուն, 2 շինություն և ավելի քան 50 հողակտոր։ Թե բնակիչները երբ պետք է լքեն իրենց սեփական տները, պաշտոնապես չի հայտարարվել։

Կիրանցեցիներից ոմանք արդեն սկսել են քանդել իրենց պատկանող այլ շինություները, որոնք ևս առաջիկայում պետք է անցնեն Ադրբեջանին։

Գյուղացիներից ոմանք երեկ ճարահատյալ փորձեցին այրել արդեն ադրբեջանական դարձած իրենց հողամասերը։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը անձամբ էր փորձում կանխել։

Տղամարդը հուզված բացատրում էր՝ «իմ քրտինքն է, իմ հոր ու մոր քրտինքը, թույլ չեմ տա՝ ադրբեջանցին վայելի»։

Առաջիկայում Ադրբեջանին պետք է փոխանցվի նաև Կիրանց բերող ճանապարհը, իշխանությունը խոստացել է 2 ամսում ավարտել նոր ճանապարհի կառուցումը, շինարարությունն արդեն ընթանում է։

«Այն ճանապարհը, որ կառուցվում է Կիրանցում, դա ուղղակի ճանապարհ չի Սարից գյուղից դեպի Կիրանց, դա ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և երկու ամսում այդ ճանապարհը պատրաստ կլինի», - հայտարարել է վարչապետը։

Կիրանցի նորակառույց դպրոցից մինչև նոր սահմանագիծ մոտ 50 քայլ է։ Ի՞նչ ճակատագիր կունենա դպրոցը՝ գյուղում ոչ ոք չգիտի։

Հայ սահմանապահները նորակառույց դպրոցի դիմացն ընկած հատվածում

Քարտեզների հրապարակում ՝ գործընթացի ավարտից հետո միայն

Իշխանությունը միայն գործընթացի ավարտին հայտարարեց, որ սահմանազատումն իրականացվել է 1976 թվականի քարտեզներով

«Այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ պարագիծը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այսօրվանից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնում են 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։ Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է։ Երևանն ու Բաքուն երբ կանցնեն մյուս հատվածների սահմանազատմանը ու որ թվականի քարտեզներով՝ առայժմ հայտնի չէ։

Your browser doesn’t support HTML5

12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն. մեկ ամսվա սահմանազատումը