Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը նաև խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցը Երևանը քննարկում է Բաքվի հետ, համաձայնություն դեռ չկա, քննարկումները շարունակվում են, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով, Ալմա-Աթայի հռչակագրի նշումով և ունենք նկարագրությունն այն ամենի, ինչ մասին մենք խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է, և պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց մենք դեռ չունենք համաձայնություն և քննարկումները շարունակվում են», - ասաց Սիմոնյանը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո էլ կոնկրետ պատասխան չէր տվել, թե հաջողվե՞լ է համաձայնության գալ, որ խաղաղության պայմանագրում նույնպես ներառվի Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը։
«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում», - ասել էր Միրզոյանը։
Ալմաթիում երկու օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել էին, որ դեռևս համաձայնության չեն եկել բոլոր հարցերի շուրջ։ Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ