Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս հրապարակել է Թբիլիսիի նախագահական նստավայրի ամանորյա զարդարանքների լուսանկարը։ «Օրբելիանի պալատի դիմաց գնացք են դրել», - գրել է նա Ֆեյսբուքում՝ հավելելով, - «Տեսնենք՝ ով է գնալու»։
Սպասվում է, որ դեկտեմբերի 14-ին երկրի ընտրիչների կոլեգիան, որ մեծամասամբ կազմված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներից, Վրաստանի հաջորդ նախագահ կընտրի 53-ամյա նախկին ֆուտբոլիստ, ծայրահեղ աջ Միխեիլ Կավելաշվիլիին: Երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։
Բայց, Վրաստանը դեռ ցնցումների մեջ է շարունակվող հակակառավարական ցույցերի պատճառով, և 72-ամյա Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարումն ավարտվում է այս տարի, հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանալու:
«Երդմնակալություն չի լինելու, և իմ մանդատը շարունակվում է», - նոյեմբերի 30-ին ասել էր գործող նախագահը։
Դիվանագետն ընդդեմ ֆուտբոլիստի
Երկու քաղաքական գործիչների կենսագրություններն ու քաղաքական հայացքներն առավել տարբեր լինել չէին կարող։
Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում վրացի վտարանդիների ընտանիքում, որ փախել են Կարմիր բանակի՝ 1921-ին Վրաստան ներխուժման պատճառով: Նա տասնամյակներ շարունակ աշխատել է որպես ֆրանսիացի դիվանագետ, իսկ 2004-ին դարձել Վրաստանի արտաքին գործերի նախարար: Եվրամիության հետ ինտեգրման հետևողական ջատագով լինելով՝ Զուրաբիշվիլին որպես քաղաքական գործիչ սկսել է ժողովրդականություն վայելել հատկապես վրացիների քաղաքաբնակ ու առաջադեմ հատվածների շրջանում։
Առաջին անգամ չէ, որ նա անցել է ցուցարարների կողմը։ Այս անգամ ցուցարարները արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ երկրի ողջ տարածքում փողոցներ են դուրս գալիս՝ բողոքելու կառավարության դեմ, որը հայտարարել է Վրաստանի ԵՄ անդամակցելու գործընթացում դադար վերցնելու մասին:
Իշխանությունները պատասխանել են դաժան բռնության կիրառմամբ՝ թիրախավորելով ցուցարարներին, ընդդիմության ակտիվիստներին և լրագրողներին:
Թեև ի սկզբանե «Վրազական երազանքը» նախագահի պաշտոնում առաջադրվելու համար 2018-ին հավանություն էր տվել Զուրաբիշվիլիին, ապա հաղթել էր ընտրություններում, բայց հետագայում իշխող կուսակցության աչքի փուշն էր դարձել: Թեև պաշտոնապես անկուսակցական նախագահը սահմանափակ լիազորություններ ունի, ու նրա դերը ավելի շատ արարողակարգային է, Զուրաբիշվիլին չի վարանել քննադատել «Վրացական երազանք»-ին՝ նրա աճող ավտորիտար դիրքորոշման պատճառով:
Մինչ Զուրաբիշվիլին իրեն հաճախ ժողովրդավարության ջատագով է ներկայացրել, Կավելաշվիլին հանդես է եկել ժողովրդի պաշտպանի դիրքերից: Իրեն նաև որպես հասարակ վրացի ներկայացնող Կավելաշվիլին հայտնի ֆուտբոլիստ է, իր կարիերայի ընթացքում հաջողությամբ հանդես է եկել արտասահմանում՝ խաղալով Շվեյցարիայում, Անգլիայում և Ռուսաստանում:
2016թ. խորհրդարան մտնելուց հետո Կավելաշվիլին սկսեց «Ժողովրդական իշխանություն» կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ավելի արմատական, հակաարևմտյան ճյուղավորման, ստեղծման գործընթացը: Դիմելով երկրի պահպանողական գյուղական շրջանների բնակիչներին՝ նա հաճախ հակադրում է «վրացական ավանդական արժեքները» նրանց, ինչը նա համարում է արևմտյան լիբերալիզմի այլասերվածություն։ Նա կոշտ դիրքորոշում է որդեգրել ներգաղթի և ազգային ինքնիշխանության հարցերի վերաբերյալ:
Կավելաշվիլին վայելում է «Վրացական երազանք»-ի և այդ կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջակցությունը: «Նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է, հրաշալի ամուսին և չորս երեխաների հայր»,- ասել է Իվանիշվիլին նոյեմբերի 27-ին նախագահի թեկնածուին ներկայացնելիս։
Վիճահարույց ընտրություններ
Հակամարտության հիմքում ընկած է երկրում վերջին խորհրդարանական ընտրությունների շուրջ վեճը: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում «Վրացական երազանք»-ը հայտարարեց վճռորոշ հաղթանակի մասին՝ ստանալով 54 տոկոսը, իսկ միմյանց հետ համագործակցող ընդդիմադիր ուժերը հավաքեցին 38 տոկոս:
Միջազգային դիտորդները և ընդդիմությունը հայտարարեցին զանգվածային ընտրախախտումների մասին՝ պնդելով, որ պաշտոնական արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը։ Զուրաբիշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ ընտրությունները «գողացվել են» Ռուսաստանի օգնությամբ, և հետևաբար նոր ձևավորվող խորհրդարանը, ինչպես նաև ընտրական կոլեգիան համարում է ոչ լեգիտիմ մարմիններ:
Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի ուղիղ քվեարկությամբ։ 2017 թվականին Վրաստանն ընդունեց անուղղակի նախագահական ընտրությունների նոր համակարգ՝ որպես սահմանադրական փոփոխությունների մաս, որը, ինչպես պնդում էին դրա ջատագովներն այդ ժամանակ, ուղղված էր խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական բևեռացման նվազեցմանը և եվրոպական նորմերի հետ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով, որ եվրոպական նորմերով նախագահները սովորաբար օժտված են լինում արարողակարգային դերով:
Այս բարեփոխման քննադատները, սակայն, պնդում են, որ դա «Վրացական երազանք»-ի կողմից իշխանության զավթում էր, քանի որ կոչված էր՝ թուլացնելու քաղաքական մրցակցությունը և քայքայելու օրենսդիր ու գործադիր իշխանությունների նկատմամբ վերահսկողության հնարավորությունը:
Աճող լարվածություն
2012-ից պաշտոնը ստանձնելուց ի վեր «Վրացական երազանք»-ը բախվել է աճող քննադատություններին իր սողացող ավտորիտարիզմի համար, այդ թվում՝ մեղադրանքներ ընտրությունները կեղծելու, դատական համակարգին միջամտելու և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանը քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից իր վիճահարույց «օտարերկրյա գործակալների» մասին և ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրենքների համար։ Երկուսին էլ մեծ խանդավառությամբ հավանության է արժանացրել Կավելաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցունքաբեր գազ, ծեծված ընդդիմադիրներ․ վրացական ոստիկանությունը հերթական բողոքի ցույցը կրկին բիրտ ուժի կիրառմամբ է ցրել
Մինչ հազարավոր վրացիներ շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաք Թբիլիսիում՝ բախվելով ոստիկանության բռնություններին, չհաստատված լուրեր են պտտվում այն մասին, որ Զուրաբիշվիլին պատրաստվում է բարիկադավորվել նախագահական պալատի ներսը: Ցուցարարներից շատերը նաև մտավախություն ունեն, որ ընտրություններից առաջ ոստիկանությունը գործողության կդիմի՝ ցույցերի հիմնական կիզակետ դարձած Ռուսթավելի պողոտան ցուցարարներից մաքրելու համար:
Քվեարկությունը պետք է սկսվի դեկտեմբերի 14-ին տեղական ժամանակով ժամը 9-ին։ Նույն օրը կհայտարարվեն քվեարկության արդյունքները։ Թեև ընտրիչների կոլեգիայի կազմում կան նաև ընդդիմադիր գործիչներ, նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Ու քանի որ թեկնածուն մեկն է, երկրորդ փուլի հնարավորություն չկա։
Վրաստանն առաջին անգամը չէ, որ բախվում է նման իրավիճակի։ 1991 թվականի մայիսին երկրի առաջին նախագահ ընտրվելուց հետո Զվիադ Գամսախուրդիան պաշտոնանկ արվեց հեղաշրջման արդյունքում։ Աքսորում նա հրաժարվեց զիջել իշխանությունը կամ ճանաչել նոր կառավարությունը, որը գլխավորում էր ԽՍՀՄ նախկին արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարդնաձեն:
1993 թվականին Գամսախուրդիան վերադարձավ Վրաստան՝ գլխավորելով անհաջող զինված դիմադրությունը, սակայն նույն տարում նա մահացավ մինչ օրս ամբողջովին չպարզված, առեղծվծային հանգամանքներում։
Վրաստանի ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստները, գրեթե անկասկած է, չեն ճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները: Մինչ Կավելաշվիլին և իշխող կուսակցությունը շարունակում են աջակցություն վայելել որոշ վրացիների շրջանում, հատկապես նրանց շրջանում, ովքեր ցույցերի հանդեպ անհաղորդ են, Զուրաբիշվիլիին աջակցում են ցուցարարները, որոնց նկատմամբ ոստիկանական ուժերի բռնի վերաբերմունքը շատերին է ցնցել Վրաստանում:
«Ինձ պաշտպանում են այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց», - դեկտեմբերի 1-ին BBC-ին ասել է Զուրաբիշվիլին: «Կարծում եմ, որ իշխող կուսակցությունն այսօր շատ մեկուսացված է, և այն էլ ավելի կմեկուսացվի», - հավելել է նա: