Դատարանը վերադարձրել է «Սիվիլնեթ»-ի դեմ Ավինյանի հայցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Դատարանը հետ է վերադարձրել Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։

Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։

«... Իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», - պնդել էր Ավինյանը:

«Ազատություն»-ը դիմել է Երևանի քաղաքապետարան պարզելու՝ արդյոք քաղաքապետը պատրաստ է վճարել 150 հազար դրամ պետական տուրքը: Առայժմ արձագանք չենք ստացել։ Դատարանը նրան երեք օր ժամանակ է տվել։ Ավինյանը հնարավորություն ունի նաև բողոքարկելու այս որոշումը։

Մեդիային օրերս «աղբանոց» անվանած քաղաքապետ Ավինյանը զրպարտություն է համարում «Սիվիլնեթ»-ի և հետաքննող լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի՝ OCCRP-ի հետաքննությունն իր հոր ու եղբոր բիզնեսի մասին, որոնք բարգավաճել են Ավինյանի կարիերայի ընթացքում։ Քաղաքապետն իր հայցով «Սիվիլնեթ»-ից պահանջում է հրապարակային ներողություն, ինչպես նաև 3 միլիոն դրամի փոխհատուցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխանականները՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ հայցերի գծով առաջատարԼրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերն անհամատեղելի են բարձր պաշտոնի հետ. Դոյդոյան

«Սիվիլնեթ»-ի ու գործընկերների հետաքննությունը պնդում է, որ 2018-2021 թվականներին Ավինյանի ընտանիքին պատանող «Իրիգեյթ» ընկերությունը ներգրավվել է պետական աջակցության ծրագրում՝ որպես կապալառու։ Իսկ այդ ընթացքում Ավինյանը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնն ու թիվս այլ ոլորտների համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը։ Քաղաքապետը ևս 7 այլ հարց է ներկայացրել:

«Հորս էլ նույնպես հորդորել եմ, որ այդ սուտ հոդվածի բերումով դատական հայց ներկայացնի», - օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Հետաքննությունը հեղինակած «Սիվիլնեթ»-ում, մինչդեռ, չեն ընդունում քաղաքապետի որակումները։ Նման վեճերի համար էլ, կարծում են լրատվամիջոցում, ավելի արդյունավետ մարմիններ կան։

«Լրատվամիջոցի առաքելությունը այն չէ, որ դատարանում այս կամ այն պաշտոնյայի հետ դատվի, լրատվամիջոցի առաքելությունը լրատվություն մատուցելն է: Եվ ի վերջո երկրում կան նաև որոշակի արտադատական մեխանիզմներ, օրինակ՝ լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, տեղեկատվական վեճերի մարմինը և այլն, որ շատ ավելի հեշտությամբ կարող են այդ վեճերն այնտեղ լուծել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը:

Ավինյանը, որ բավական մեծ գումար էր համարել 150 հազար դրամը, օրեր առաջ հայտարարեց՝ Լոս Անջելես գերթանկարժեք թռիչքի ծախսը սեփական միջոցներից կվերադարձնի բյուջե։ Այս որոշումը հաջորդել էր բացահայտմանն ու մեծ աղմուկին, որ Ավինյանը ԱՄՆ մեկնել է 20 հազար դոլարանոց բիզնես ավիատոմսով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավինյանն ԱՄՆ ավիատոմսի 20 հազար դոլարը կվերադարձնի պետբյուջե

Ավինյանը 2024-ին ավելի քան 45 միլիոն դրամ եկամուտ է հայտարարագրել։ Ըստ հայտարարագրի՝ ավելի քան 350 հազար դոլարի կրիպտոարժույթներ ունի քաղաքապետը։ Նրա ամսական աշխատավարձը մոտ 1.2 միլիոն դրամ է։