Դատախազն այսօր միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելու հոդվածով։
Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր իրենց կամքով ներկայացել են դատական նիստին։
Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։
Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։
Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։
2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:
Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն այսօր իրենց կամքով եկել են դատարան