Գլխավոր դատախազությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առնչվող նոր որոշում կուղարկի դատարան։
Թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Գլխավոր դատախազությունից չեն մանրամասնում, ենթադրվում է, որ դատախազությունը նոր մեղադրանք կառաջադրի նախկին նախագահին և նրա նախկին երեք ենթականերին և այդ որոշումը կուղարկի Հակակոռուպցիոն քրեական դատարան։ Հենց այս դատարանին է վճռաբեկ ատյանը մատնանշել օրերս իր կայացրած որոշման մեջ՝ բեկանելով Քոչարյանի և մյուսների արդարացման որոշումը։
Գլխավոր դատախազությունն այսօր իր հաղորդագրության մեջ նշել է՝ «նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթականերին՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում»:
2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:
Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։
Նախկին նախագահի փաստաբանները դեռ մեկնաբանություն տալ չեն ցանկանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև